Քոչարյանի գործով բարձրաստիճան պաշտոնյաներ են հարցաքննվել. Փաստաբան

Սերժ Սարգսյանը, եթե անգամ Մարտի 1-ի գործով ցուցմունքներ է ներկայացրել, ապա դրանք Քոչարյանի գործով ներկայացված չեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողներին հայտնեց, որ 2008 թվականի փետրվարի 23-ից մինչեւ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ցուցմունք տալու վերաբերյալ տվյալներ առկա չեն

«Սերժ Սարգսյանը, եթե անգամ Մարտի 1-ի գործով ցուցմունքներ է ներկայացրել, ապա դրանք Քոչարյանի գործով ներկայացված չեն»,– ասաց նա։

Ալումյանը նշեց, որ քննիչի կողմից դատարան ներկայացված ցուցմունքներից շատերը տվել են բարձրաստիճան սպաները. «Կան սպայական կազմից բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր այս գործով հարցաքննվել են»:

Հարցին՝ գեներալ Մանվել Գրիգորյանն այս գործով ցուցմունք տվե՞լ է, Ալումյանը հայտնեց, որ նման ցուցմունք այս գործով քննիչը չի ներկայացրել։