Շուրջ 200 աշխարհահռչակ մարզիկներ այսօր հանդիպել են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին: Նրանց թվում է եղել նաև մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը, որը սրբազան քահանայապետին իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել։ Այս մասին հայտնում է Վատիկանի պաշտոնական կայքը։
Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում Ֆրանցիսկոս Պապի աջակցությամբ և օրհնությամբ նախատեսված «Հանուն խաղաղության» խաղից առաջ, որը կազմակերպել է Scholas Occurrentes Հայրապետական հիմնադրամը, մարզիկներն ստացել են Հռոմի Պապի օրհնությունը։
«Մենք խաղում ենք հանուն խաղաղության» կարգախոսով մրցաշարը կազմակերպվում է Վատիկանի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի այն նվիրված է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հիշատակին։
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել բոլոր մարզիկներին, որոնք եկել են աշխարհի տարբեր ծայրերից՝ հանուն խաղաղության հանդես գալու համար։
«Դուք Ձեր ժամանակը վատնեցիք և եկաք այստեղ՝ խաղաղության համար։ Խաղաղություն, որը կերտվում է այսպիսի արարքներով։ Սրանք փոքր արարքներ են, սակայն խաղաղության սերմեր են, որոնք կարող են աշխարհը փոխել»,- իր խոսքում նշել է սրբազան քահանայապետը։
0Comments