Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի երեք նավահանգիստներում և մեկ էլեկտրակայանում հուսիների թիրախներին
Հուլիսի 07, 2025

Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի երեք նավահանգիստներում և մեկ էլեկտրակայանում հուսիների թիրախներին

Ռոյթերսը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին, հաղորդում է, որ Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Եմենի երեք նավահանգիստներում՝ Հոդեյդա, Ռաս Իսա և Սալիֆ, ինչպես նաև Ռաս Քանթիբ էլեկտրակայանում հուսիների թիրախներին։ Սա Իսրայելի առաջին հարձակումն է Եմենի տարածքում գրեթե մեկ ամսվա ընթացքում։

Իսրայելական զինվորականները պնդում են, որ հարվածները պատասխան էին Իսրայելի վրա հուսիների բազմիցս հարձակումներին։

Հարվածներից մի քանի ժամ անց իսրայելական զինվորականները հայտարարեցին Եմենից երկու հրթիռ արձակելու մասին. փորձեր են արվել դրանք որսալու, սակայն վերջնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել։ Իսրայելական շտապօգնության ծառայությունը հայտարարել է, որ Եմենից հրթիռների արձակումից հետո որևէ հաղորդագրություն չի ստացել հարվածների կամ զոհերի մասին։

Բացի այդ, իսրայելական բանակը հարձակվել է Ռաս Իսա նավահանգստում գտնվող Galaxy Leader նավի վրա։ Այս նավը հուսիթների կողմից գրավվել է դեռևս 2023 թվականի վերջին։ Զինվորականների խոսքով՝ զինյալները նավի վրա տեղադրել են ռադարային համակարգ և այն օգտագործում են միջազգային ջրերում նավերին հետևելու համար։

Հուսիների բանակի խոսնակը հայտնել է, որ Եմենի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Իսրայելի հարձակումները մեծ թվով ինքնաշեն զենիթային հրթիռներով: Տեղի բնակիչները «Ռոյթերս»-ին հայտնել են, որ Հոդեյդա նավահանգստային քաղաքի վրա հարվածները շարքից հանել են քաղաքի գլխավոր էլեկտրակայանը՝ քաղաքը թողնելով առանց էլեկտրաէներգիայի: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Հուսիների «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Հոդեյդայի վրա հարվածները սկսվել են այն բանից կարճ ժամանակ անց, երբ իսրայելական բանակը կոչ է արել բնակիչներին լքել Եմենի երեք նավահանգիստների շրջակայքը:

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 07 Հուլիսի 2025 10:39

Լրահոս