Նոր Toyota GR Supra-ն կարող է «երկվորյակ» ունենալ Lexus-ից
Հուլիսի 07, 2025

Նոր Toyota GR Supra-ն կարող է «երկվորյակ» ունենալ Lexus-ից

Ներկայիս GR Supra-ն շուտով «թոշակի կանցնի». նախորդ տարի թարմացված կուպեի արտադրությունը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Հաջորդ սերնդի մշակումն արդեն պաշտոնապես հաստատված է։ Եվ, ինչպես գրում է ճապոնական Best Car Web պարբերականը, սպորտքարը կարող է ստանալ ոչ միայն Toyota-ի տարբերանշանը։ Ինսայդերները պնդում են, որ միաժամանակ կհայտնվի Lexus-ի «երկվորյակը», որը կդառնա արտադրությունից հանված RC-ի իրավահաջորդը և կփոխարինի հնացող LC-ին։

Եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, Lexus-ի գամմայում կհայտնվի ցածր նստեցվածքով և 2+2 դասավորությամբ սրահով թարմ «երկդռնանի» մեքենա, հայտնում է Мотор.ру-ն։ Toyota-ի անալոգից այն կտարբերվի արտաքին որոշ գծերով. հնարավոր է՝ Lexus-ը որոշ գաղափարներ փոխառի 2021 թվականին ցուցադրված Electrified Sport Concept կոնցեպտուալ սպորտքարից։ Կարելի է ակնկալել Lexus-ին վայել ավելի շքեղ «լցոնում» և, համապատասխանաբար, ավելի բարձր գին։

Իսկ «տեխնիկական» առումով երկու սպորտքարերը գրեթե նույնական կլինեն։ Toyota-ն առայժմ չի բացահայտում հաջորդ GR Supra-ի գաղտնիքները, սակայն BMW-ի հարթակը պետք է անցյալում մնա։ Ճապոնացիներն այսուհետ կհենվեն սեփական ուժերի վրա. կուպեն կստանա 400 ձիաուժ հզորությամբ (500 Նմ ոլորող մոմենտ) նոր երկու լիտրանոց «տուրբոքառյակ»՝ էլեկտրական «հավելումով»։

Նոր սերնդում մեխանիկական փոխանցատուփ, հավանաբար, չի լինի բնապահպանական նկատառումներով. ճապոնացիները կառաջարկեն ութ կամ ինը աստիճանով դասական ավտոմատ փոխանցատուփ։

Նոր «Սուպրայի» հայտնվելու ժամկետներ ևս չկան։ Փորձագետները կարծում են, որ դեբյուտը տեղի կունենա 2026 կամ 2027 թվականին։ Հավանաբար, Lexus-ի կուպեն կթողարկվի դրանից քիչ անց։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս