Ինչպես հայտնի է դարձել Fox News հեռուստաալիքին, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը «խաղաղության նամակ» է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում հայտնել է, որ «եկել է ժամանակը» պաշտպանելու երեխաներին և ապագա սերունդներին ամբողջ աշխարհում։
Fox News Digital հեռուստաալիքը բացառիկ կերպով ձեռք է բերել ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Պուտինին ուղղված «խաղաղության նամակը», որը նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ փոխանցել է ռուսաստանյան առաջնորդին Ալյասկայում նրանց գագաթնաժողովից առաջ։
Նամակը ստանալուց անմիջապես հետո Պուտինն այն կարդացել է ամերիկյան և ռուսաստանյան պատվիրակությունների ներկայությամբ։
«Հարգելի՛ նախագահ Պուտին,- սկսվում է ԱՄՆ առաջին տիկնոջ նամակը։- Յուրաքանչյուր երեխայի հոգու խորքում, անկախ նրանից՝ նա պատահաբար ծնվել է գյուղական վայրում, թե քաղաքի շքեղ կենտրոնում, նույն լուռ երազանքներն են։ Նրանք երազում են սիրո, հնարավորությունների և վտանգներից պաշտպանված լինելու մասին։ Որպես ծնողներ՝ մենք պարտավոր ենք պահպանել հաջորդ սերնդի հույսը։ Որպես ղեկավարներ՝ մենք պատասխանատվություն ենք կրում մեր երեխաներին աջակցելու համար, և դա չի սահմանափակվում սակավաթիվների հարմարավետությամբ։ Անկասկած, մենք պետք է ձգտենք արժանապատիվ աշխարհ ստեղծել բոլորի համար, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա արթնանալ խաղաղության մեջ, և որպեսզի հենց ապագան հուսալիորեն պաշտպանված լինի։ Պարզ, բայց խորը հայեցակարգը, պարոն Պուտին, որի հետ, վստահ եմ, կհամաձայնեք, այն է, որ յուրաքանչյուր սերնդի հետնորդներն իրենց կյանքը սկսում են մաքուր էջից՝ մի անմեղությամբ, որը վեր է աշխարհագրությունից, կառավարությունից և գաղափարախոսությունից», - ասվում է ԱՄՆ առաջին տիկնոջ նամակում։
Դիմելով Պուտինին՝ նա նշում է, որ «ժամանակակից աշխարհում որոշ երեխաներ ստիպված են լուռ ծիծաղել՝ ուշադրություն չդարձնելով իրենց շրջապատող խավարին. դա լուռ մարտահրավեր է այն ուժերին, որոնք կարող են հավակնել նրանց ապագային»։
«Պարոն Պուտին, Դուք կարող եք միայնակ վերադարձնել նրանց մեղեդային ծիծաղը։ Պաշտպանելով այս երեխաների անմեղությունը՝ Դուք ավելին կանեք, քան պարզապես կծառայեք Ռուսաստանին. Դուք կծառայեք մարդկությանը։ Նման համարձակ գաղափարը գերազանցում է մարդկային բոլոր տարաձայնությունները, և Դուք, պարոն Պուտին, ի վիճակի եք այս տեսլականն իրականություն դարձնել այսօր՝ գրչի մեկ հարվածով։ Եկել է ժամանակը», - նշվում է ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Ռուսաստանի նախագահին ուղղված նամակում։
Մելանյա Թրամփի «խաղաղության նամակը» գրվել է օգոստոսի 15-ին Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքում նրա ամուսնու և Պուտինի պատմական հանդիպման նախօրեին, հստակեցնում է հեռուստաալիքը։
Այս հանդիպումը 2021 թվականի հունիսից ի վեր առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր, որը տեղի էր ունեցել նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք և Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ընդամենը ութ ամիս առաջ։