Print this page

Մայիսին գնաճը Հայաստանում արագացել է. ԿԲ

By Հունիսի 17, 2025 24

«2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3%»,-ասվում է ԿԲ խորհրդի հրապարակած զեկույցում։

Ըստ զեկույցի, 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 2.8%, իսկ 2025 թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն ավելացել են:

Զեկույցի համաձայն 2025 թվականի հունիսի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%: 

«Միջազգային առևտրային հարաբերությունների լարվածությամբ, աշխարհաքաղաքական հակամարտությունների, հատկապես Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված՝ առաջարկի և մատակարարման շղթաների հնարավոր խաթարման ռիսկերն էապես աճել են»,-ասվում էԿԲ խորհրդի որոշուման մեջ:

Նշվում է, որ միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների աճի չափի շուրջ անորոշությունները և գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խիստ պայմանները, բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները դանդաղ տեմպերով: 

2025 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը դանդաղել է՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը, ակտիվության աճին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը, միևնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր: 

Զեկույցում նշվում է, որ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել:

«Ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ արագացումը առավելապես պայմանավորված է առաջարկի որոշ գործոններով: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ»,-ասվում է զեկույցում՝ արձանագրելով, որ հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են առավելապես գնաճային ռիսկեր, իսկ մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում, ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցներն ընդհանուր առմամբ ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկն առաջիկա միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.25% մակարդակի շուրջ: Քննարկված ռիսկերի և բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, Խորհուրդը դիտարկել է քաղաքականության մի շարք սցենարներ:

Ա տիպի սցենարներ, այդ թվում՝ կապված աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև ԱՄՆ-ում և ՀՀ-ում հարկաբյուջետային քաղաքականության զարգացումների պայմաններում ՀՀ չեզոք տոկոսադրույքի հնարավոր աճի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի՝ գնաճային ռիսկերի չեզոքացման ու գների կայունության նպատակի ապահովման համար։

Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Բ տիպի), այդ թվում՝ կապված արտաքին պահանջարկի շարունակվող ճշգրտման պայմաններում տնտեսության առանձին հատվածներում աճի անհամաչափ դանդաղման և պահանջարկի միջավայրի լրացուցիչ թուլացման ռիսկերի ձևավորման հետ, որոնք ենթադրում են շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:

Արդյունքում՝ արձանագրելով Ա տիպի ռիսկերի ավելացումն ու կարևորելով դրանցից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը ներկա շրջափուլում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար: Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից»,- ասվում է ԿԲ խորհրդի որոշման մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24