Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններին Արևմուտքից, ամենայն հավանականությամբ, իջեցվել է հակառուսական գործունեությունը ժամանակավորապես զսպելու «հրահանգ», մինչև արևմուտքում իրավիճակի հստակեցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ հետևելով վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
Հուլիսի առաջին օրերին ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի օրակարգն ավելի հագեցած էր, քան նրա պաշտոնավարման ողջ ընթացքում: Հուլիսի 1-ին Հայաստանի դեսպանը եղել է Բելգորոդում Ուկրաինայի ԶՈւ–ի ավերված տան մոտ, միջտարածաշրջանային համագործակցության համաձայնագիր է ստորագրել Բելգորոդի մարզի հետ և ծաղիկներ դրել Բելգորոդի տաճարի հրապարակում գտնվող հավերժական կրակի մոտ: Իսկ հուլիսի 2-ին Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Կուրսկում զոհված մարտիկների հիշատակին և այցելել Կուրսկի ռուս-հայկական բարեկամության պուրակ, որտեղ եղևնի է տնկել: Գրեթե միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ժողովրդավարության հայկական համաժողովում, կասկած է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի նպատակահարմարության վերաբերյալ:
Այս բոլոր իրադարձություններն Աղաջանյանը նույն շղթայի օղակ է համարում. նրա կարծիքով՝ Ռուսաստանի արձագանքից և պատասխան հարվածից խուսափելու համար են ժամանակավորապես դադարեցրել հակառուսական տրամադրությունների գեներացումն այստեղ: Դրանով էլ բացատրվում է մեր դեսպանի անսպասելի ակտիվությունը ՌԴ–ի նկատմամբ դաշնակցային վարքագծի առումով։
«Ես վստահ եմ` այս իշխանություններն այդ դրածո–բրածո ՀԿ–ների ղեկավարների և «մեկ անձ» կուսակցությունների միջոցով փորձում են ժողովրդի անունից հանդես գալ` իբր ժողովուրդը քնում–զարթնում, երազում է ԵՄ անդամ դառնալու մասին, սակայն կառավարության ղեկին նստած անձի խոսույթից մենք հասկանում ենք, որ նրանց հրահանգ է իջեցված այս պահին ռուսական կողմի գլխի տակ փափուկ բարձ դնել, որպեսզի չստեղծեն ներքաղաքական խնդիրներ, որոնք կարող են հանրային դժգոհության հերթական ազդակի դեր կատարել»,–ասաց նա։
Այդ «դադարը» կշարունակվի այնքան, մինչև ԱՄՆ–ի հենակետային պետություններ համարվող երկրներում` Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում ավարտվեն ընտրությունները։ Բացի դա, հավանական է, որ իշխանության հակառուսական հռետորաբանության «դադարը» կտևի ևս մի քանի ամիս` առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ–ում։ Այսինքն՝ մինչև նախագահության փոխանցումը հայաստանյան իշխանությունների վարքագծում փոփոխություններ չեն լինի։
Միևնույն ժամանակ, Աղաջանյանը մատնանշեց այն փաստը, որ նույնիսկ Հայաստանի կառավարության հակառուսական և արևմտամետ ջանքերի վերսկսման դեպքում էլ, փաստ է` ԵՄ-ն բացարձակապես ոչ մի ցանկություն չունի քննարկելու ՀՀ-ի անդամակցությունը իրենց կառույցին: Դա չկա նույնիսկ 15 և ավելի տարի հերթում սպասող երկրների դեպքում, բավական է անդրադառնալ Վրաստանի, Մոլդովայի կամ նույն Ուկրաինայի օրինակին։
«ԵՄ–ն ցանկություն չունի շուկաները կրնկակոխ բացելու մեր արտադրանքի համար։ Մենք դա տեսել ենք թե՛ վրացական, թե՛ ուկրաինական արտադրանքի պարագայում։ Հայկական արտադրանքը նախկինում արդեն հայտնվել է եվրոպական շուկայում, սակայն դրա համար տարիներ են պահանջվել, և դա այն դեպքում, երբ Եվրոպան դրա կարիքն ուներ: Մեծ բարդությունով են իրենք իրենց դռները բացում և դա օգտագործում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական լծակ երկրների վրա ազդելու համար»,– հավելել է զրուցակիցը։
Աղաջանյանի կարծիքով` ներկայիս իշխանությունը թուլացնում է տնտեսությունը` ձգտելով ամեն գնով հայտնվել Արևմուտքի «թևի տակ»։ Ու այդ ճանապարհին 6 տարվա ընթացքում դարձել է արտահանողից վերաարտահանող երկիր։ Իսկ երկրում ուժեղացել է հիմնականում բանկային համակարգը և ծառայությունների ոլորտը։
«Այսինքն՝ Հայաստանը դառնում է սպասարկող պետություն։ Մենք պետք է հստակ գիտակցենք, թե ինչ է մեզ սպասվում, եթե շարունակենք գնալ արևմտյան վեկտորի ուղղությամբ»,–ընդգծել է արտակարգ և լիազոր դեսպանը։
Աղաջանյանի գնահատմամբ` ի տարբերություն Արևմուտքի ՝ Ռուսաստանը տնտեսական հարաբերությունները չի օգտագործում որպես փափուկ ուժի բաղադրիչ, և դա արդեն հասկացել են նաև ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներում։
«Իսկ Հայաստանում իշխող ուժը կատարում է այն պարտավորությունը, որի համար բերվել է իշխանության, այն է՝ ամեն գնով շրջադարձ դեպի Արևմուտք։ Ընդ որում, Հայաստանը ռիսկի է դիմում` բաց թողնել այն հսկայական տնտեսական հնարավորությունները, որոնք մեզ տալիս է ԵԱՏՄ շուկան։ Դրան գումարվում են տնտեսական հարաբերությունները ՇՀԿ-ի և այլ բլոկների միջոցով»։
Սակայն Աղաջանյանը վստահ է, որ դեպի Արևմուտք շրջադարձի ֆոնին աղետալի փլուզումից հնարավոր կլինի խուսափել, և ոչ թե այն պատճառով, որ մեր իշխանությունները ուշքի կգան և կհասկանան, որ պետք է առաջնորդվել պետության և ազգի շահերով, այլ պարզապես աշխարհաքաղաքական զարգացումները կփոխեն իրավիճակը «շախմատային տախտակի» վրա և կդարձնեն ոչ ակտուալ դեպի Եվրոպա արագացված առաջընթացը։
«Ազատություն». Հայերի բռնի տեղահանման պահից Արցախում ադրբեջանական բուլդոզերների ակտիվ գործունեությունից հետո Ստեփանակերտ է այցելում Իլհամ Ալիևը՝ հողին հավասարեցված հայկական ժառանգության տեղում Ադրբեջանի ներկայության հերթական հիմքերը դնելու։
Իլհամ Ալիևի մասնակցությամբ ադրբեջանական անվան ներքո այսօր շահագործման հանձնվեց Ստեփանակերտի վերածննդի հրապարակի հարևանությամբ գտնվող «Վալեքս» գարդեն երբեմնի շքեղ հյուրանոցը՝ կառուցված 2000-ականներին։
Դատելով Ադրբեջանի նախագահականի հրապարակած լուսանկարներից՝ նոր սեփականատերերն այստեղ շատ բան չեն փոխել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ -Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար 13 հասցեում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քանի հոգու ծեծի են ենթարկել: Մինչ ոստիկանները կհասնեին դեպքի վայր, ժամը 01։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 3 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Արամյանի գլխավորությամբ պարզել են, որ այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 62-ամյա Սերյոժա Ե․-ն, 33-ամյա Սևակ Վ․-ն և 35-ամյա Վահան Զ․-ն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Չարլզ III-ի հետ Բուքինգհեմյան պալատում լսումներից հետո, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Այսօր Թագավորը ընդունեց Պատվավոր սըր Քիր Սթարմեր պատգամավորին և խնդրեց նրան ձևավորել նոր վարչակազմ:
«Սըր Քիրն ընդունեց Նորին Մեծության առաջարկը և նշանակվեց վարչապետ և գանձապետարանի առաջին տերը»,- ասվում է թագավորական ընտանիքի հայտարարության մեջ։
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը, այս դեպքում մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին»,- ասել է նա։
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։ Նա զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերություններում։
Հայաստանը շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա։ Այս մասին, ըստ lurer.com-ի, հայտնել է Ալեն Սիմոնյանը՝ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։
Ալեն Սիմոնյանն ասել է, որ արդեն ներկայացված է նոր դեսպանի թեկնածությունը։
Ըստ մամուլի՝ նոր դեսպանը լինելու է ՔՊ-ական պատգամավոր, խոշոր գործարար Գուրգեն Արսենյանը։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանելով Երևանի՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանին փոխելու ծրագրերը նշել է.
«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը»:
Գալուզինը նշել է նաև, որ Ռուսաստանը գոհ է Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, քանի որ նա զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերություններում։
Նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը դեսպան է 2022 թվականից։ Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, պարտությունից հետո՝ Պաշտպանության նախարար։ Նրա հրամանով էր հայկական զինված ուժերը դուրս եկել Սյունիքից՝ հնարավորություն տալով Ադրբեջանին տարածքներ վերցնել։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում ընդունել է վարչապետ Ռիշի Սունակի հրաժարականը։ Այս մասին հայտնել է թագավորական մամուլի ծառայությունը։
«Սունակն այսօր առավոտյան հանդիպում է ունեցել թագավորի հետ և ներկայացրել իր հրաժարականը՝ որպես վարչապետ և գանձապետարանի առաջին պատասխանատու, ինչը Նորին Մեծությունը սիրով ընդունել է», - ասվում է հայտարարության մեջ:
44-ամյա Սունակը հրաժարական է տվել երկրի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք հաղթել է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը՝ Քիր Սթարմերի գլխավորությամբ։
Առաջիկա րոպեներին նրան կընդունի նաև Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում կառավարություն ձևավորելու մանդատ ստանալու համար։
Սունակը ղեկավարում է բրիտանական կառավարությունը 2022 թվականի հոկտեմբերի 25-ից՝ դառնալով երկրի պատմության մեջ ասիական ծագումով և հինդու կրոնի առաջին վարչապետը։ Չնայած իշխող Պահպանողական կուսակցության ընդհանուր ջախջախիչ պարտությանը՝ նա անձամբ հաղթեց Անգլիայի հյուսիսում գտնվող իր ընտրատարածքում Համայնքների պալատի ընտրություններում, ինչի արդյունքում՝ կշարունակի մնալ պատգամավոր։
Լևոն Ջավախյանը գրում է.
«ԹԱԿԱՐԴ
ՀՀ Սահմանադրության ընդունման տոնի առիթով։
Գաղտնիք չէ, որ հայաստանյան քաղաքական զարգացումների մասին անխարդախ ճշմարտությունները մենք հակված ենք իմանալու Հեյդար Ալիևից և ոչ Հայաստանի կամակատար իշխանություններից։
Ալիևի գլխում է, թե Հայաստանի հանրապետության ներկան, և թե ապագան։ Փաշինյանը սոսկ հլու հնազանդ Իլհամի իղձերի իրականացնողն է։ Նա թուրքի երազած տղան է։ Եվ սխալ են նրանք, ովքեր նիկոլին համարում են դավաճան։ Նա պարզապես սովորական գործակալ է, թուրք շպիոն, ով թշնամու ծրագիրը գրպանում եկել է իշխանության և մինչև էսօր էլ անշեղորեն էդ շպարգալկով առաջնորդվում է։
Ինչ է ասում այս պահին Իլհամ Ալիևը։ Նա խաղաղության պայմանագրի կնքումն անհնարին է համարում Հայաստանի հանրապետության գործող Սահմանսդրության պայմաներում։ Նիկոլը ուզի, թե չուզի, պիտի շեֆի կամքը իրականություն դարձնի, բայց ո՞նց,-այս է խնդիրը։
Ալիևը նիկոլից պահանջում է Սահմանադրությունից հեռացնել Հռչակագրի հիմնարար դրույթները, փոխել զինանշանը, օրհներգը, միգուցե և դրոշը, մոռացության ենթարկել Եղեռնը, անտեսել Հայոց եկեղեցու բացառիկ դերը մեր կյանքում, վերանայել ազգային գաղափարախոսությունը, Հայոց պատմությունը, խորհրդանիշներն, ազգայնական կերպարների գոյությունը, իսպառ ջնջել Արցախի գոյությունը մեր հիշողությունից, հնարավորինս ձեռք քաշել մեր ինքնությունից, գենից և սահմանադրորեն երազել այնքան, որքան թույլ կտա թուրքի երազանքը։ Բայց դա ինչպե՞ս վավերացնել սահմանադրական հանրաքվեով։
Չի բացառվում, որ դրան կարող են դեմ դուրս գալ ,նույնիսկ, անենավերջին անուղեղ նիկոլականներն անգամ։
Եվ այսպես... Այստեղ է, որ փայլատակում է նիկոլական իշխանության ուղեղը, մի ուղեղ, որն իսպառ անգործության էր մատնված երկրի փրկարարական գործառույթներում։
Այսպես, Սահմանադրության նախագիծը ժողովրդին է ներկայացվում առաջին պլանում ունենալով ոչ այնքան Ալիևի պահանջների կատարումն, որքան Եվրոմիությանը միանալու դրույթները` նպատակ ունենալով հանրաքվեով համահայկական երջանկության քողի տակ սղացնել թշնամյաց ծրագրերի իրականացումը։ Նման կերպ, հարկավ, կարելի է չձախողել նոր Սահնանադրության ընդունումը. Ո՞վ չի ուզենա, մի հանրաքվեով մուտք գործել զարգացած ժողովուրդների ընտանիք...
Դա կուզեի նույնիսկ ես, որքան էլ հանրության մեջ հայտնի եղած լինեմ ռուսական կողմնորոշումով։ Բայց դրա, իրականացումը ֆիկցիա է, կեղծիք։ Բոլորը գիտեն, որ Եվրոպան պատրաստ չէ գրկաբաց ընդունելու մեզ, ինչպես չընդունեց Վրաստանին, նույնիսկ Ուկրաինային, որը պատերազմի դաշտում կյանք է տալիս հանուն Արևմուտքի։ Դեռ ավելին, նրանք չեն երաշխավորում անգամ մեր անվտանգությունը։Դա գիտեն նաև մեր իշխանությունները, բայց նրանց առջև խնդիր է դրված` հրաժարվել ազգային կաղապարներից, լեզու գտնել թուրքերի հետ, անհարիր համարել Ռուսաստանի գոյությունը Հարավային Կովկասում, իմանալ և գործել այնպես` ինչպես կկամենա Թուրքիան, քանզի Արևմուտքը Կովկասում հանդես է գալիս հենց Թուրքիայի դեմքով։ Դրանով են առաջնորդվում Արևմուտքի և Թուրքիայի ջանքերով հավաքագրված նիկոլական իշխանությունները։ Այս պահին խնդիր է դրված փոխել Սահմանադրությունը, հրաժարվել ազգային արժեքներից, Աստծո նվեր խորհրդանշից` Մասիսից, Արարատյան երազանքներց, ինքնությունից... Բայց ո՞նց...
Ոչ, նիկոլիզմն այնքան էլ ապուշ չէ, որքան կարծում ենք.
ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԾՈՒՂԱԿ Է ՀՅՈՒՍՈՒՄ, ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՔՈՂՒ ՏԱԿ` խորամանկ և ազգադավ»:
Հայաստան այցը մեզ թույլ տվեց ավելին իմանալ, այն ինչ իմացանք հաստատեց, որ դժվարին հարևանության մեջ է գտնվում Հայաստանը, մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով։
ՌԴ-ն, Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ագրեսիվ մոտեցում ունեն աշխարհի այն հատվածի նկատմամբ, որոնք փորձում են ազատ շնչել ու ներկայացուցչական ժողովրդավարության մաս կազմել։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը։
Սենատորի խոսքով, այս տարածաշրջանում տեսնում են այն ուժերին, որոնք փորձում են իչիք դարձնել ազատությունն ու ժողովրդավարությունը, իսկ ՀՀ-ն այս հարցում մեծ վճռականություն է ցուցաբերում՝ դա թույլ չտալու համար․ «ՀՀ-ն և հայ ժողովուրդը խաղաղություն են ուզում»։
«Զգուշացե'ք, որ «ռուսական մեծ արջը» չփորձի գերակայող դիրք զբաղեցնել նախկին խորհրդային միության հանրապետության նկատմամբ»,-ասաց նա։
Մանրամասները՝ 24n3ws-ի տեսանյութում։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:
29 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունելով Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը՝ մենք մեր կամքն ու վճռականությունն արտահայտեցինք՝ ընթանալու ժողովրդավարական արժեքներով իրավական պետություն կառուցելու ճանապարհով։ Մայր օրենքը, անխոս, երկրի զարգացման, կայացման, ներքին ու արտաքին կայունության երաշխավորն է եղել և կա՛։
Սահմանադրության բացառիկ առաքելությունն է միավորել հասարակության բոլոր շերտերը՝ անկախ սեռից, ռասայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, քաղաքական ու կրոնական հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից և այլ հատկանիշներից՝ հանուն ազատության, պետականության և ժողովրդավարության, հանուն իրավունքի գերակայության և մարդու երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքի:
Իր գոյության գրեթե երեք տասնամյակների ընթացքում Մայր օրենքը զարգացել ու բարեփոխվել է՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը զուգահեռ։ Սահմանադրության բարեփոխումներն իրապես արդյունավետ են, երբ քաղաքական դերակատարների փոխհամաձայնությունից բացի, առկա է նաև դրանց լիարժեք ընկալման և աջակցության հավաստումը հասարակության կողմից։
Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բոլոր խնդիրների լուծումները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը և բոլորիս համար հավասար հնարավորություն է ստեղծում՝ մեր ունակություններին համապատասխան կերտելու ազատ քաղաքացու մեր սեփական պատկերը:
Ամեն ազգ ու ժողովուրդ չէ, որ սեփական Սահմանադրությունն ունենալու իրավունք է վաստակել: Շատ ավելի քիչ են նրանք, որոնց պետականության գիտակցման ու պետական կացութաձևի հետ մերվել ու դրա անքակտելի մասն են կազմել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը: Մենք նույնպես պետք է գիտակցենք, որ Սահմանադրությունն ազատության ու պետականության հաղթանակն է ավտորիտարիզմի ու կամայականության նկատմամբ, ու ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում նույնպես ձևավորվեն Սահմանադրությունն զգացող հասարակություն և դրանով հռչակված սկզբունքներով անշեղորեն առաջնորդվող պետական ինստիտուտներ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին»,- ասվում է ուղերձում: