Գտնվել է Արթուր թագավորի և նրա ասպետների մասին պատմող միջնադարյան վիպաշարի մի հատված

Այն պատահմամբ գտել են անգլիական Բրիսթոլի համալսարանի գրադարանում

Բրիսթոլի համալսարանում գտել են «Լանսելոթ-սկիհի» կամ «Լանսելոթն արձակում» միջնադարյան վիպաշարի մի հատված Արթուր թագավորի ասպետների մասին, տեղեկացնում է N+1-ը:

Ձեռագիր յոթ էջերն ամրացված են եղել մեկ այլ միջնադարյան գրքի, որը տպագրվել է XV դարավերջին – XVI դարասկզբին։ Դրանցում «Մերլինի մասին վեպի» մինչ այժմ անհայտ մի հատված է պարունակվում ֆրանսերենով:

Ասպետական անանուն վիպաշարը ստեղծվել է XIII դարի առաջին կեսին հին ֆրանսերենով։ Հետազոտողները կարծում են, որ սկզբում ստեղծվել են Լանսելոթի եւ մյուս ասպետների մասին երեք վեպեր: Ավելի ուշ ի հայտ է եկել ևս երկու վեպ, որոնք նախորդել են նախորդ երեքին, որոնցում պատմվում է Արթուր թագավորի պատանեկության մասին։ Դրանցից մեկը հավանաբար Թոմաս Մելորիի «Արթուրի մահը» վեպի աղբյուր է հանդիսացել:

Փորձագետները ծրագրում են թարգմանել եւ խմբագրել գտնված հատվածը եւ փորձել պարզել, թե ինչպես է այն հայտնվել Անգլիայում: