Միացյալ Արաբական էմիրություններում աշխատող ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակիցներից կազմված թիմը «Կարմա» անվանումով բարդ լրտեսական գործիքի միջոցով կոտրել է ակտիվիստների, դիվանագետների եւ օտարերկրյա առաջնորդների այֆոնները, ինչը վկայում է, թե ինչպես է հզոր կիբեր զենքը տարածվում աշխարհի գերտերությունների սահմաններից դուրս, հաղորդում է Reuters-ը:
Կիբեր գործիքն ԱՄԷ-ին հնարավորություն է տվել հարյուրավոր թիրախների մոնիթորինգ սկսել՝ սկսած 2016 թվականից: Թիրախում են հայտնվել Կատարի էմիրը, բարձրաստիճան թուրք պաշտոնյա եւ նույնիսկ իրավապաշտպան, Եմենում Նոբելյան մրցանակի դափնեկիր:
«Կարմա»-ն բնութագրվում է որպես գործիք, որը կարող է հեռվից մուտք ունենալ iPhone-ին՝ պարզապես հեռախոսահամարները կամ էլեկտրոնային փոստի հաշիվները բեռնելով թիրախավորման ավտոմատացված համակարգ: Գործիքը սահմանափակումներ ունի. այն չի աշխատում Android սարքերի վրա եւ հասանելիություն չունի հեռախոսազանգերին:
2016 եւ 2017 թվականներին «Կարմա»-ն օգտագործվել է թիրախավորված iPhone-ներից լուսանկարների, էլեկտրոնային նամակների, տեքստային հաղորդագրությունների եւ գտնվելու վայրի մասին տեղեկությունների ստացման համար:
Պարզ չէ՝ արդյոք այս գործիքը մինչեւ հիմա օգտագործվում է, թե ոչ:
«Կարման» հետախույզներին թույլ է տվել տարբեր նպատակների համար ապացույցներ հավաքել՝ սկսած ակտիվիստներից, որոնք քննադատում են կառավարությանը մինչեւ տարածաշրջանային մրցակիցներ, այդ թվում Քաթարի եւ ԱՄԷ-ի գաղափարական հակառակորդը՝ «Մուսուլման եղբայրներ»-ը:
Ըստ հետախույզների՝ ԱՄԷ-ի կառավարությունը «Կարման» մատակարարից ձեռք է բերել երկրի սահմաններից դուրս: Reuters-ը չի կարողացել պարզել զենքը ստեղծողին:
0Comments