Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց

Այս պահին հիվանդի վիճակը կայուն ծանր է

Հունվարի 3-ի առավոտյան կտրուկ վատացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակը. նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մնջոյանի դուստրը՝ Լաուրա Մնջոյանը:

Նա տեղեկացրեց, որ հայրը սրտամկանի սուր ինֆակտ է տարել եւ այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մնջոյանի խոսքով՝ հայրը ՔԿՀ-ում տարիներ առաջ էլ միկրոինֆակտ էր տարել:

NEWS.am-ի հետ զրույցում «Էրեբունի » ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ Մնջոյանն իրենց մոտ է տեղափոխվել սրտամկանի կաթվածով եւ թոքի այտուցով: «Այս պահին հիվանդի վիճակը կայուն ծանր է, հետազոտվել է եւ այժմ գտնվում է սրտաբանական վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին «Դրո»–ի գործով եւ 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ 103-Ա հրամանագրով Արմենակ Մնջոյանին շնորհվել է ներում: Նույն հրամանագրով Հանարպետության Նախագահը Մնջոյանի նկատմամբ նշանակել է պատիժ` ցմահ ազատազրկման ձեւով։