Պետք է կանխել հակառակորդի հնարավոր գործողությունները Գեղարքունիքի ուղղությամբ, որ Նախիջևանի օրինակը չկրկնվի. Վովա Վարդանով

Թուրքերը մեծ ուշադրություն են դարձնելու Արցախին կապող գլխավոր երկու երակներին

 

2018 թ. ռազմական ոլորտում ձեռքբերումներ չեմ տեսնում, փոխարենն ունեցել ենք նահանջներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:

«2018-ին պարզապես եղել են խոսակցություններ, որ գրոհող զենք են ձեռք բերելու Su-30SM-ները, բայց դա դեռ շոշափելի մակարդակում չէ, որ գնաս տեսնես:

Ինչ վերաբերում է նահանջին, ապա Նախիջևանի օրինակը: Այնտեղ ունեցանք բավականին լուրջ կորուստ, երբ որ 1-1,5 տարի առաջ զգուշացնում էի, որ թուրքերը մեծ ուշադրություն են դարձնելու Արցախին կապող գլխավոր երկու երակներին, փորձելով չեզոքացնել, բոլորն ասում էին, որ խուճապ եմ առաջացնում մարդկանց մոտ, բայց ի՞նչ ստացվեց. թուրքերը վիզուալ վերահսկողության տակ վերցրին Նախիջևանի հատվածում դիրքեր ու դիրքերը վերցնելու արդյունքում վերահսկողության տակ են պահում Վայքով անցնող միջպետական ճանապարհը, որը մեզ կապում է Իրանի հետ և Արցախի ՊԲ-ի սնուցող երակներից մեկն է: Հիմա եթե մի քիչ խելացի լինեն, գոնե նման բան թույլ չեն տա Վարդենիս ուղղությամբ` Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածում»,-նշել է նա:

Վովա Վարդանովն ասել է, որ այժմ հակառակորդի թիրախում կլինի Գեղարքունիքի հատվածը:

«Էդ երկու կապող օղակները 2016թ. թույլ տվեցին կանգնացնել բավականին լուրջ մտածված օպերացիա, ընդ որում, կանգնեցրին համեմատաբար քիչ զոհերով: Կանգնեցնելը հիմնականում տեղի ունեցավ՝ այս 2 սնուցող երակներով լայնածավալ օգնություն Արցախի ՊԲ-ին հասցնելով: Նկատի ունեմ օգնությունը թե´ կամավորների տեսքով, որը բավականին լուրջ ռեզերվ էր և թե´ հրետանային զորամասերի տեղաշարժմամբ»:

Վովա Վարդանովն ընդգծում է, որ ակտիվ գործողությունների հնարավորությունը թողել ենք հակառակորդին, վերջինս էլ ուժերը կենտրոնացնում է Արցախի ուղղությամբ և ՀՀ-ից Արցախի ՊԲ սնուցող ուղղություններով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: