Կոնցեսիոները խոստացել է՝ առաջիկայում Գյումրիի օդանավակայանը կաշխուժանա. վարչապետ

Նախկինում շատ էր խոսվում մոնոպոլիաների մասին՝ սկսած շաքարավազից վերջացրած բանանից, նույնը «Զվարթնոց» օդնավակայանի դեպքում է

Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ  Գուրգեն Բաղդասարյանն անդրադարձավ մենաշնորհային ոլորտներին՝ մասնավորապես օդանավակայանին:

«Նախկինում շատ էր խոսվում մոնոպոլիաների մասին՝ սկսած շաքարավազից վերջացրած բանանից, նույնը «Զվարթնոց» օդնավակայանի դեպքում է: Գյումրիի օդանավակայանը փաստացի չի գործում, օրը մեկ թռիչք է լինում, կոպիտ ասած՝ օդաչուներին համոզելով են աշխատեցնում: Մինչդեռ հարևան երկրի երկու օդանավակայանները՝ Քութայիսի և Թբիլիսիի, մրցակցության մեջ են և երկուսի ուղևորափոխադրումներն արդեն հավասարվել են»,- ասաց Գուրգեն Բաղդասարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դավոսում՝  Մարտին Էռնեկյանի («Օդանավակայանների միջազգային խորհրդի» ղեկավար մարմնի նախագահ) հանդիպման ժամանակ այդ հարցը ևս քննարկվել է:

«Կոնցեսիոները Գյումրիի օդանավակայանում ներդրումային ծրագիր է իրականացնում, բայց քանի որ շենքն ունի որոշակի պատմամշակութային արժեք, այնտեղ որոշակի հակասություններ կան, թե նախագծի որ տարբերակը պետք է իրականացվի»,- ասաց վարչապետը:

Նա միաժամանակ հայտնեց՝ կոնցեսիոների կողմից ստացել է հավաստիացումներ, որ արդեն իսկ այդ խնդիրը կարգավորման փուլում է, կոնցեսիոները պարտավորվել  է, որ առաջիկայում Գյումրու օդանավակայանը կաշխուժանա և նաև բյուջետային ավիաուղիները կսկսեն չվերթներ իրականացնել:

«Այդ իրավիճակը մենք ժառանգել ենք, բայց ես ձեզ հետ համաձայն եմ, որ ցանկացած իրավիճակ նաև օպերատիվ պետք է կառավարենք: Եթե տեսնենք, որ չկան իրական տեղաշարժեր և էական բարելավում չենք ունենում, պետք է մտածենք, թե ինչն է սխալ այդ համակարգում, որ կոնկրետ արդյունքներ չի բերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Գուրգեն Բաղդասարյանն  էլ նշեց, թե ըստ իրեն՝ խնդիրը նրանում է, որ օդանավակայանի կառավարիչը մոտիվացված չէ, որ Գյումրու օդանավակայանում թռիչքներ իրականացվեն, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանից  իր շահույթը ստանում է:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ «Զվարթնոց » օդանավակայանը մոտեցել  է ուղևորափոխադրումների իր սահմանագծին, իհարկե այնտեղ նույնպես վերակառուցման և ծավալների ընդլայնման անհրաժեշտություն կա,  այդտեղ էլ ճարտարապետական հուշարձանի հետ կապված խնդիր ունեն:

«Համենայնդեպս, պարոն Էռնեկյանը հավաստիացրել է, որ իրենք պատրաստվում են լուրջ ներդրումներ անել Գյումրիի օդանավակայանում, մենք կհետևենք այդ պրոցեսներին և կանենք որոշակի հետևություններ: Հույս ունեմ, որ հետևությունները կլինեն պոզիտիվ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: