ՀՀ կայուն զարգացման գրավականը մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է։ Այս մասին այսօր «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ համայնքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում: Սակայն, ըստ նրա, շատ կարևոր է նախ արձանագրել այն պարամետրերը, որոնց շրջանակներում պատկերացնում են այդ աշխատանքը:
«Ընդհանրապես ես չեմ սիրում խմբավորումները, առավել ևս, երբ մարդկանց բնորոշում են խմբերով՝ այս կամ այն գործին կամ այն խավին պատկանելիությամբ: Հասկանում եմ, որ Հայաստանում համայնքների ղեկավարները չափազանց տարբեր են, իրարից տարբերվում են անցած ճանապարհով աշխարհընկալմամբ, կենսագրությամբ, արժանիքներով, բայց պետք է ազնիվ լինել և ասել, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը կամ հանրային ընկալումը մոտավորապես հետևյալն է. ի՞նչ է անում համայնքի ղեկավարը, քաղաքապետը կամ գյուղապետը ընտրություններում այս կամ այն կերպ ընտրվելուց հետո հաջորդ օրվանից սկսվում է համայնքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացը, շատ արագ գյուղապետարաններն ու քաղաքապետարանները վերածվում են անշարժ գույքի վերաբաշխման գրասենյակների։ Առաջին հերթին ձայներ բերածներին, ակտիվիստներին տալիս են սրճարանների, խանութների տեղեր, հողամասեր և այլն, իհարկե չեն մոռանում նաև սեփական անձը»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անընդհատ խոսում են ներդրումային միջավայրի բարելավման մասին, բայց յուրաքանչյուր համայնքում, ինչպես ցույց է տվել իր լրագրողական և պատգամավորական երկարամյա փորձը, պարզվում է, որ համայնքներում աչքի ընկնող օբյեկտները պատկանում են համայնքի ղեկավարին, տեղակալին։
«Սա զարմանալի իրականություն է ոչ միայն այն պատճառով, որ այդպես է, այլ այն պատճառով, որ այդ մոտեցումը հանդուրժվում է նաև հանրության կողմից և ամեն անգամ այդ մոտեցումը ստանում է ընտրական որոշակի զարգացում, քանի որ յուրաքանչյուր ընտրող, յուրաքանչյուր ակտիվիստ հույս ունի իր սեփականության ծավալներն ընդլայնել»,- նշեց վարչապետը։
Նա հայտնեց, որ իր, կառավարության ու ժողովրդի համար այս մոտեցումը ընդունելի լինել չի կարող:
«Ես ուզում եմ արձանագրել, որ պետական ծառայությունը համայնքի ղեկավարի, ավագանու անդամի կողմից չի կարող և չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն: Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում այդպիսի երևույթներ չեն կարող լինել։
Ըստ նրա՝ Հայաստանում կան մտայնություններ, որ խորհրդարանական ընտրություններից հետո բոլորը կմոռանան, թե ինչու են հավաքվել ու ամեն ինչ կսկսվի նորից. «Խնդրում եմ նման հույս չունենաք, ամեն ինչ չի սկսվելու նորից և որևէ բան չի վերադառնալու հնին: Եթե ինչ-որ անկյուններում կան մարդիկ, որ ասում էին՝ մինչև խորհրդարանական ընտրություննները՝ «հեսա բան չմնաց, մի բան կանեն, մի բան կլինի», ուզում եմ ասել՝ մի բան չեն անի ու ոչ մի բան չի լինի: Միակ բանը, որ կլինի Հայաստանում, կոռուպցիան և կոռուպցիոներին արմատախիլ անելն է: Այս ընթացքում մենք շանս ենք տվել ու տալիս ենք շատերին և գուցե բոլորին, որոնք չեն օգտվի այդ շանսից փոխվող իրականությանը զուգընթաց, այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»։
Անդրադառնալով համայնքներում եղած խնդիրներին՝ վարչապետն ասաց, որ որոշ վայրերում դեռևս շարունակվում են հին ավանդույթները, երբ, օրինակ, գյուղապետարանի հաստիքացուցակում մի շարք աշխատակիցներ են ընդգրկված, որոնք խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով են հայտնվել աշխատակազմում ու ըստ էության անգամ աշխատանքի չեն գալիս: Փաշինյանն ընդգծեց՝ նման բոլոր արատավոր դրսևրումների դեմ պետք է պայքարել:
Հայաստանի կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է
Ընդհանրապես ես չեմ սիրում խմբավորումները, առավել ևս, երբ մարդկանց բնորոշում են խմբերով՝ այս կամ այն գործին կամ այն խավին պատկանելիությամբ
0Comments