«Ադրբեջանի նպատակը հայ-վրացական բախում հրահրելն է». Բելգիայի հայեր

Կոռումպացված և ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունը իրեն ենթակա լրատվամիջոցներով ու վարձու ընդդիմադիր քաղաքական գործիչների միջոցով մեծ հակահայկական ալիք է բարձրացրել Վրաստանում

Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնությունը տարածել է հաղորդագրություն, որով իր վճռական աջակցությունն է հայտնել Ջավախքի հայերին. «Վերջին օրերին Ադրբեջանը Վրաստանում հակահայկական հողի վրա ակտիվ սկսել է ապակայունացնել իրավիճակը մեր բարեկամ երկրում: Կոռումպացված և ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունը իրեն ենթակա լրատվամիջոցներով ու վարձու ընդդիմադիր քաղաքական գործիչների միջոցով մեծ հակահայկական ալիք է բարձրացրել Վրաստանում: Պատճառը իբր Ախալքալքի շրջանի Բուղաշեն գյուղում Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու վերականգնումն է, սակայն մեր համոզմամբ իրականում Ադրբեջանական պետությունը լուրջ ծրագիր ունի լարվածություն ստեղծելու հայաշատ Ջավախքում:

Այս նպատակով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը չբավարարվելով վարձու լրատվամիջոցների և քաղաքական գործիչների ակտիվ հակահայկական հիստերիայով իր վտանգավոր խաղերի մեջ է ներգրավել նաև Վրաստանի ադրբեջանական համայնքին:

Փետրվարի 8-ին Թբիլիսիի խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ադրբեջանցիների հակահայկական ցույցը Վրաստանի իշխանություններից պահանջում էր ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին և դրանով իսկ լուրջ լարվածություն ստեղծել Ջավախքում: Ադրբեջանի նպատակը իրականում ոչ թե ազատամարտիկի կիսանդրու ապամոնտաժումն է, այլ տվյալ թեմայի շուրջ հայ-վրացական բախում հրահրելը:

Այդ իսկ պատճառով Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին և բարեկամ ժողովրդին պահպանել եվրոպական արժեքները և չտրվել ավտորիտար Ադրբեջանի ու իրեն ենթակա ուժերի սադրանքներին, որոնց նպատակը Վրաստանի ապակայունացումն է:

Մենք մեր վճռական աջակցությունն ենք հայտնում ջավախքահայերին և զգուշացնում Ադրբեջանին և իրեն ենթակա սադրիչ ուժերին, որ նման պահվածքի դեպքում Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնությունը ստիպված է լինելու դիմել բոլոր հնարավոր միջոցների զսպելու համար ադրբեջանական սադրանքները ընդդեմ Վրաստանի պետականության և հայ ժողովրդի»: