ՊԵԿ-ի ավելի քան 50 կին հարկային տեսուչ կարծրատիպ է կոտրում․ Վիդեո

Մանրամասներ

Պետական եկամուտների կոմիտեի ավելի քան 50 կին հարկային տեսուչ կարծրատիպ է կոտրում։ Իրենց օրինակով նրանք աստիճանաբար փոխում են պատկերացումը, թե հարկային տեսուչի աշխատանքը տղամարդկանց մենաշնորհն է։ Նրանցից մեկը Գոհարն է, ով երեք տարվա ընթացքում 1000-ից ավելի ընթացիկ ստուգման է մասնակցել։ Հարկ վճարողների արձագանքը տարբեր է եղել։

«Երբեմն շատ դրական է լինում և մոտիվացնում է, որ շարունակես ընտրած ուղին։ Իսկ երբեմն զարմանքով են ընդունում՝ համոզված լինելով, որ դա տղամարդու աշխատանք է․ ի՞նչ գործ ունի աղջիկը»,- պատմում է ՊԵԿ ընթացիկ հատուկ հսկողության թիվ 4 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Գոհար Խալաթյանը։ Այդ վերաբերմունքը, սակայն, Գոհարին թևաթափ չի անում, քանի որ աշխատանքը սիրով է կատարում և այդ մասին ոգևորությամբ խոսում․ «Ստուգումները հնարավորություն են տալիս միտքն ավելի ճկուն դարձնել»։

Դեռ երեք տարի առաջ ստուգող տեսուչ կանայք Պետական եկամուտների կոմիտեում հատուկենտ էին։ Այսօր արդեն ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության մոտ 50 կին տեսուչ մասնակցում է արտագնա ստուգումներին։ Կոմիտեն ակնկալում է, որ այդ թիվը շուտով կաճի, քանի որ կատարված աշխատանքի շնորհիվ առաջին քայլը՝ ընկալման փոփոխությունը, արդեն իրողություն է։

Կադրերի ներգրավմանը նպաստում են նաև իրազեկումներն ուսանողների շրջանում։ Միայն նախորդ ամսում 21 թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի արդյունքում 18 հաստիքից 7-ում կանայք են հաղթել։ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանի համոզմամբ՝ կանայք բացառիկ դեր ունեն վարչության աշխատանքում։ Առանց նրանց շատ գործեր պարզապես անհնար է կատարել։ «Կան ծառայությունների և առևտրի ոլորտներ, որոնցից բացառապես օգտվում են կանայք և աղջիկները։

Հետևաբար մեր աղջիկների շնորհիվ կարողանում ենք արդյունավետ վարչարարություն իրականացնել։ Բացի այդ, կարծում եմ, կանանց որոշումների վրա արտաքին ազդեցություններ դժվար թե լինեն։ Աշխատանքում նրանց օգնում է նաև կանացի ինտուիցիցիան»,-նշում է Արթուր Հակոբյանը։ Երիտասարդ տեսուչները վստահեցնում են՝ իրենց ընտրությունը գիտակցված է։ Հետ չի պահել անգամ աշխատանքային գրաֆիկը՝ երեկոյան կամ հանգստյան օրերին և տարբեր մարզերում արտագնա ստուգումներով։

ՊԵԿ ընթացիկ հատուկ հսկողության թիվ 4 բաժնի հարկային տեսուչ Եվգենյա Մկրտչյանին, օրինակ, գրավում է հատկապես այն, որ գործի բերումով առնչվում է մյուս բաժինների կատարած աշխատանքին, ինչը հետագայում կարող է օգնել կարիերան ՊԵԿ համակարգում կառուցելիս։ Իսկ ՊԵԿ ընթացիկ հատուկ հսկողության թիվ 3 բաժնի հարկային տեսուչ Լիլիթ Ղազարյանի ծնողները նույնիսկ չեն իմացել իրենց աղջկա՝ հարկային տեսուչ դառնալու մտադրության մասին։ Հայտարարված մրցույթում հաղթելու լուրը լսելուց հետո ողջունել են իրենց աղջկա համարձակ քայլը։

Եթե ստուգումների ասպարեզ կանայք նոր են մուտք գործում, ապա վերլուծության բնագավառում նրանք միշտ ակտիվ են եղել։ Ավելին՝ նրանք մեծ կոլեկտիվներ են ղեկավարում։ Օրինակ՝ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետը, տեղակալներից երկուսը և 6 բաժիններից 5-ի ղեկավարները կանայք են։

«Կանայք կազմում են վարչության աշխատակիցների 90-ը և մասնակցում են հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքներին՝ իրականացնելով շրջանառության հարկի գծով ծախսերի ավել հայտարարագրման մասով վարչարարությունը, ստուգման ակտի կազմումը և դրա հետագա գործընթացը»,-ներկայացնում է ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Կարինե Մնացականյանը։

Նրա կարծիքով՝ ընտանիքի պահպանման բնազդը կանանց օգնում է աշխատանքային ամուր փոխհարաբերություններ ստեղծել կոլեկտիվում․ «Իմ կարծիքով՝ կանայք ավելի հոգատար վերաբերմունք են ցուցաբերում գործին, պատասխանատու և նվիրված են, իսկ որոշումներ կայացնելիս ավելի օբյեկտիվ են»։

Հարկ վճարողների սպասարկման սրահում այցելուներին հիմնականում կանայք են դիմավորում։ Հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատողների 90%-ը կանայք են, վարչության պետը, 3 տեղակալներից 2-ը և 21 բաժիններից 16-ի ղեկավարները՝ նույնպես։ Վարչության պետ Արմինե Հովսեփյանը դա բացատրում է նրանով, որ աշխատանքը գերազանցապես գրասենյակային է, իսկ համակարգչով աշխատանքն առավելագույն ուշադրություն է պահանջում, նաև ի տարբերություն այլ ստորաբաժանումների՝ 24/7 ռեժիմ կամ արտագնա աշխատանք չի պահանջվում։

23 տարի հարկային ծառայությունում աշխատող Արմինե Հովսեփյանը նկատում է, որ տարիների ընթացքում կին ղեկավարները համակարգում ավելացել են։ Ստուգող տեսուչ, ռիսկեր վերլուծող, թե սպասարկող՝ բոլոր կերպարներով կանանց ներկայությունը ՊԵԿ-ում միայն խրախուսվում է։ Կոմիտեից վստահեցնում են՝ տղամարդկանց և կանանց ներուժի համադրումից շահում է միայն աշխատանքը։