Կեղտոտ ձեռքերը կարող են աշխարհում տարեկան 1,4 մլն երեխայի մահվան պատճառ դառնալ

Դեպքերի 85 տոկոսում վարակներից տուժածները երեխաներ են

«Ռոսպոտրեբնադզորը» հայտնել է, որ կեղտոտ ձեռքերը կարող են աշխարհում տարեկան 1,4 մլն երեխայի մահվան պատճառ դառնալ։ Այս տվյալները ներկայացվել են հոկտեմբերի 15-ին  Մաքուր ձեռքերի համաշխարհային օրվա կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ, հայտնում է РБК-ն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեն տարի ավելի քան 1,4 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է պնեւմոնիայից եւ լուծից, որոնց առաջացման պատճառը հաճախ կեղտոտ ձեռքերն  են։ Ձեռքերը օճառով լվանալը նման կորուստներից խուսափելու արդյունավետ միջոց է։ Այսպես, հաստատության տվյալներով, ծնողների կողմից օճառով ձեռքերը լվանալը նպաստում է փոքր երեխաների շրջանում սուր վարակիչ հիվանդություններից մահացության 20 տոկոս, իսկ աղիքային հիվանդություններից 50 տոկոս նվազմանը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, միկրոօրգանիզմների փոխանցման շփումային-կենցաղային ուղին (դրա հիմնական տարրը կեղտոտ ձեռքերն են) ամեն տարի բերում է վարակիչ հիվանդությունների միջինը ավելի քան 300 բռնկումների։ Դեպքերի 85 տոկոսում վարակներից տուժածները երեխաներ են։