«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համոզված է, որ, եթե նախկինում կար իշխանությունների, ընդդիմությունների ու ժողովրդի Հայաստան, ապա թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակը շատ ավելի վատացավ.
«Հիմա արդեն կա իրական Հայաստան, որտեղ մենք ապրում ենք, ամեն ինչ տեսնում ենք, բայց չկա այլևս ընդդիմության և իշխանության Հայաստան:
Կա Նիկոլի Հայաստան, որն արտացոլվում է իր միտինգների ելույթներում, և ամբոխը ոչինչ չի հասկանում, բայց ծափահարում է:
Ինչո՞ւ եմ ասում, որ չկա իշխանությունների Հայաստան, որովհետև իշխանություններից ամեն մեկը Հայաստանը յուրովի է պատկերացնում: Օրինակ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի համար Հայաստանն արոտավայր է… դուք որևէ մեկդ զգո՞ւմ եք, որ կա ՀՀ նախագահ, որը լիազորություններ ունի Սահմանադրությամբ, ու այդ Սահմանադրությամբ ոչ միայն պետության գլուխն է, այլև դրա պաշտպանը:
Արարատ Միրզոյանի համար Հայաստանն իր դղյակն է՝ ԱԺ-ն, որտեղ նստած են մարդիկ, որոնք բացարձակ որևէ բնագավառից ոչինչ չեն հասկանում, և Միրզոյան Արարատը կարող է դատաիրավական համակարգը համարել իր սեփականությունը:
Կար, օրինակ, Վանեցյան Արթուրի Հայաստանը. Տեսե՛ք, իր գրության և հետևանքների մասին հիմա շատ է խոսվում. Մի՛ մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանն իր սկզբնական ռեյտինգի ապահովման հիմնական միջոց օգտագործում էր Վանեցյանի և նրա կառույցի գործառույթները»:
Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ ԱԱԾ նախկին պետը հասկացել է, որ տեղի է ունենում երկրի կործանում, և ինքը պետք է քայլ անի. «Սպա է, կարող էր ցանկացած պահի գրել, երբ տեսնում է՝ չի կարողանում մարդուն ուղու բերել, գնում է այդ քայլի. երբևէ ուսադիր չկրածը ուսադիր կրողի պատիվն ու հարգանքը որտեղի՞ց պիտի իմանա:
Գնացել է ինքնազոհության. էդ թիմը, որ Վանեցյանի համար կարծեք բոլոր եկեղեցիներում մոմեր էր վառում, հիմա փորձում են Վանեցյանին բոլոր ատյաններով պարսավել»:
0Comments