Արսեն Խառատյանն իր ՖԲ էջում գրում է.
«Վտանգավոր լռություն
Մեկ տարուց ավելի շարունակվող հակասորոսական բանդագուշանքն այսօր իր բարձրակետին է հասել: Ակնհայտ արտաքին ֆինանսական աջակցությամբ գործող այս խմբակը, 10 օրից ավել է ինչ Բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստանի գրասենյակի դիմաց փաստացի խաթարում է մարդկանց բնականոն աշխատանքային ընթացքը, հոգեբանական ճնշումներ բանեցնում, ուղիղ եւ անուղղակի ատելության խոսք տարածում ու դեմոնիզացնում Հայաստանի քաղաքացիական հասարակության մի մասին:
Սուտ ու մտացածին տեքստերի միջոցով քաղհասարակության մի հատվածի նկատմամբ ատելություն սերմանելով ու մարգինալացնելով` նորօրյա աշխուժակների գործողությունները կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Շեշտեմ, որ ատելության ու թշնամանքի քարոզի հետեւանքով Բաց հասարակություն հիմնադրամների աշխատակիցների եւ հիմնադրամից ֆինանսական աջակցություն ստացող մարդկանց նկատմամբ հնարավոր բռնության դեպքում, դրա ուղիղ պատասխանատվությունն ընկնելու է այս ակցիաների կազմակերպիչների վրա:
Սակայն այս ամենում անձամբ ինձ համար առավել խնդրահարույցը Հայաստանի քաղաքացիական հասարակության շատ գործընկերների տոտալ լռությունն է: Թիրախավորված հարձակումները դատապարտող որեւէ հայտարարություն դեռեւս չի եղել, ինչը չափազանց մտահոգիչ է: Լուռ են նաեւ նախկինում հիմնադրամի հետ համագործակցություն ունեցած, կամ այնտեղ աշխատած, իսկ այժմ պետական համակարգի տարբեր օղակներում հայտնված գործընկերներից շատերը, որոշ բացառություններով միայն:
Սիրելի գործընկերներ, ասացեք խնդրեմ` ի՞նչն է պատճառը այս լռության: Ինչո՞ւ չեք օգտագործում ձեր ունեցած ամբիոններն ու լսարանները ատելության խոսք տարածող խմբերի գործունեությունը դատապարտելու համար: Եթե մտահոգություն ունեք, թե կասոցացվեք Սորոսի հետ եւ այդ կերպ թիրախում կհայտնվեք, ապա առաջարկում եմ կարդալ, կամ վերընթերցել գերմանացի լյութերական Մարտին Նիեմոլլերի 1946-ի այս հայտնի խոստովանությունը:
Սկզբից, երբ եկան կոմունիստներին տանելու` ես լուռ մնացի, որովհետեւ կոմունիստ չէի
Հետո եկան սոցիալիստների ետեւից, եւ ես կրկին լռում էի` սոցիալիստ չլինելով
Լուռ էի նաեւ, երբ արհմիության անդամներին տարան, արհմիութենական էլ չէի
Հրեաներին տանելիս էլ չխոսեցի, քանի որ հրեա չէի
Երբ հերթն ինձ տանելուն հասավ, որեւէ մեկն ինձ չպաշտպանեց...
Ի դեպ, այս տեքստը տարիներ շարունակ ասել ենք «Ա1+»-ի փակման ժամանակ, Պողոս Պողոսյանի սպանության ժամանակ, 2004-ի ապրիլի 12-ի խաղաղ ցույցը ցրելու ժամանակ: Այսպես, սոցիալական-կոլեկտիվ պատասխանատվության բացակայության պայմաններում բանը հասավ մարտի 1-ին, երբ հիմա` ավելի քան 10 տարի անց, փորձում ենք դրա հետեւանքները վերացնել»:
0Comments