Կյանքի է կոչվել ընդամենը մեկ ծրագիր՝ ստեղծվել է ոչխարաբուծական ֆերմա

Ներդրումային բիզնես համաժողովին ներկայացվել է 50 տարբեր ոլորտի

Իշխանությունը տնետեսական հեղափոխության շրջանակում մեկնարկեց մարզային ներդրումային ֆորումների շարքը: Tert.am-ը փորձում է հասկանալ այս ծրագրի արդյունավետությունը:

Շարքում առաջինը Գեղարքունիք մարզն է: Tert.am-ի հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանի քարտուղարությունից պատասխանել են, որ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես համաժողովին մասնակցել է մոտ 350 մարդ:

Ներդրումային բիզնես համաժողովին ներկայացվել է 50 տարբեր ոլորտի՝ գյուղատնտեսական, զբոսաշրջային, կաթնամթերքի արտադրության և այլ ներդրումային ծրագրերի փաթեթներ, որոնց մեջ եղել են ինչպես հաջողված և ընթացիկ, այնպես էլ նոր նախատեսվող առաջարկներ:

Հարցման պատասխանից պարզ է դառնում, որ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային ֆորումից հետո, որ կայացել է դեռևս մայիսի 11-ին, մեկ ներդրումային ծրագիր է կյանքի կոչվել:

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքում «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես համաժողովի շրջանակում ստեղծվել է ոչխարաբուծական ֆերմա, որտեղ մեկնարկել է ոչխարաբուծական խոշոր ծրագիր, ինչը հավակնում է խթանել ոչխարաբուծության արագ զարգացումը մարզում: Ոչխարաբուծական նորաստեղծ տնտեսության ղեկավարն է Լանջաղբյուր գյուղի բնակիչ, անհատ ձեռներեց Արսեն Մարգարյանը: Ծրագիրն իրականացվում է ռուսաստանաբնակ գործարարներ Սերգո Բազեյանի, Վազգեն Նավոյանի համատեղ գործակցությամբ: Ռուսաստանի Դաշնությունից Լանջաղբյուր է տեղափոխվել 230 գլուխ ոչխար, որից 13-ը խոյեր են, մնացածը՝ մաքիներ:

«Ոչխարաբուծական ծրագիրը նախատեսում է ունենալ մինչև 4000 գլուխ հոտ, որից մինչև 1200-ը կկազմեն մայրերը, մնացածը՝ գառները: Գործարարները Ռուսաստանից մարզ են ներկրել են «Ռոմանովսկիե» ցեղատեսակի ոչխարներ, որոնք ունեն բարձր գառնատվություն: 
Անհատ ձեռնարկատերը նախատեսում է նաև ձեռնարկատիրական հեռանկարային ծրագրեր, որոնք ոչ միայն խթանելու են անասնամթերքի իրացմանը, այլ նաև մանվածքաբանական արտադրության զարգացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը: Գործարարները  ծրագրում են ֆերմայի կից տարածքում ունենալ սպանդանոց, որտեղ կարող են սպանդի համար ընդունել նաև շրջակա համայնքի տնտեսությունների անասունները: Ստեղծվելու է նաև բրդի մթերման ու վերամշակման արտադրամաս, որտեղ մթերվելու է մարզի տնտեսություններում արտադրված բուրդը: Արտադրական տարածքում լինելու է  նաև կարի արտադրամաս, որտեղ կարող է ընդունվել կարի համապատասխան պատվերներ»,- ասված է հարցման պատասխանում:

Ինչպես նաև Գեղարքունիքի մարզից շուրջ 28 ներդրումային ծրագրերի փաթեթներ ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝  ներդրումային հարթակում տեղադրելու նպատակով:

 

 ՀեղինակԱնի Օհանյան