Ներքաղաքական կյանքի վերջին օրերի թեժությունն անշուշտ բազմաշերտ իրողություն է, որը միայն հեղափոխություն-հակահեղափոխություն եզրագծով դիտարկելը կբերի ոչ միայն սխալ գնահատման, այլև հանրային վարքագծի և ռազմավարության առավել խորքային շեղման: Առկա շերտերի շարքում եղած գործոնների մեջ անշուշտ որոշակիորեն ներկա է իր բնույթով օրինաչափ երևույթը՝ թեկուզ նոր ու նախկին համակարգերի կամ նոր իշխանության ու նախկին համակարգի դիմակայության համատեքստում:
Բանն այն է, որ հեղափոխությունից հետո քաղաքական տարբեր սուբյեկտների առաջացման և քաղաքական մրցակցության ձևավորման խնդիրը պետք է գար առաջնային պլան, որն էլ մենք տեսնում ենք ներկայիս գործընթացի համատեքստում: Այստեղ ակնառու է թերևս մի բան: Երկրորդ նախագահ Քոչարյանը առնվազն առերևույթ հաղթել է նախկին իշխող համակարգի շրջանակում և կարծես թե ձեռք բերել այդ համակարգի «քաղաքական բողոքը» կամ շահերը տնօրինելու, կառավարելու, համակարգելու կամ առաջնորդելու «իրավունքը»: Թե ինչպես է նա ձեռք բերել դա, ինչ հանգամանքների, գործոնների կիրառմամբ, արդյոք կիրառվե՞լ են որոշակի կոմպրոմատներ, օրինակ, համակարգի տարբեր այլ դերակատարների նկատմամբ, թե՞ ոչ: Սրանք հարցեր են, որոնք չունեն միարժեք պատասխաններ:
Այստեղ ճշգրիտ գնահատականի համար անհրաժեշտ է չափազանց մանրամասն տիրապետել նախկին համակարգի տարբեր թևերի միջև եղած հարաբերություններին և բաժանարար պատճառներին կամ գործոններին, փոխադարձ «պարտքուպահանջներին»՝ հասկանալու համար, թե ո՞րն է երկրորդ նախագահ Քոչարյանի նախկին համակարգի շրջանակում ներկայիս հաղթանակի հիմնական գրավականը, ինչպես նաև, թե ի՞նչ ժամկետայնություն ունի այդ հաղթանակը՝ այն թվացյալ կարճաժամկե՞տ է, թե՞ Քոչարյանը ամբողջապես և երկար ժամկետով է իր ենթակայության տակ վերցրել նախկին համակարգը:
Սա ինքնաբերաբար դիտարկել հաղթանակ թավշյա հեղափոխության նկատմամբ՝ կլինի թյուրընկալում, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն շատ հեռու է հեղափոխությանը մարտահրավեր նետելու ներուժից: Որովհետև այստեղ արդեն անհրաժեշտ են մի շարք այլ որակի և բովանդակության ռեսուրսներ, քան այն, ինչը նրան օգնել է հաղթանակի հասնել այն համակարգում, որը ներկայացնում է ինքը, և որը իշխանություն էր մինչև 2018-ի ապրիլ:
Տվյալ պարագայում Քոչարյանի մարտավարական խնդիրն այլ է՝ ամրացնել հաջողությունն արդեն իշխանության դեմ հիմնական և գերակա քաղաքական բևեռի ձևավորման գործում: Մի հարց, որն օրինաչափորեն առկա է հետհեղափոխական Հայաստանի առաջ, և որը փորձում է սպասարկել Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում՝ օգտագործելով իրեն ուղղված մեղադրական սլաքները: Ի վերջո, այստեղ հարցը խորքային առումով շատ ավելի լայն է, քան իրավաքաղաքական շրջանակը, որում եփվում է թեման:
Հայաստանում ձևավորվում է հետհեղափոխական քաղաքական դաշտը: Դա անխուսափելի է, պատմական զարգացումների օրինաչափ տրամաբանություն և անհրաժեշտություն: Հարցը որակն է և ուժերի հարաբերակցությունը: Պայմանականորեն, երկրորդ դիվիզիոնում՝ նախկին իշխող համակարգում, Ռոբերտ Քոչարյանը ապահովել է հաղթանակը, թեև բաց է հարցը, թե արդյոք մրցակիցները հանձնվել են և դադարեցրե՞լ նրա հետ մրցակցությունը: Իսկ մրցակիցներ կան, թյուր է տպավորությունը, որ նախկին համակարգը միատարր է: Միատարր չէր թե՛ մինչև հեղափոխությունը, թե՛ դրանից հետո: Կլինի՞ խաղացող Առաջին լիգայում, որը մրցակցություն կթելադրի Ռոբերտ Քոչարյանին՝ «բարձրագույն» քաղաքական խմբի ճանապարհին, որտեղ առայժմ միայն Նիկոլ Փաշինյանն է, գրում է 1in.am:
0Comments