Առանց տնտեսականի քաղաքական հեղափոխություն չի լինում

Պատգամավորը քննադատել է Հարկային օրենսգրքի բարեփոխումը

Կառավարության ծրագրում խոսվում էր աղքատության դեմ պայքարի ռազմավարական կարեւորության մասին, բայց մյուս կողմից բարձրացնում ենք ակցիզային հարկը, ինչից հետո պարզապես անհնար է, որպեսզի ապրանքների գները չբարձրանան։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 30-ին խորհրդարանական լսումների ժամանակ, Հարկային օրենսգրքի բարեփոխման նախագծի քննարկումներում, ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիներն ավելի աղքատ են դառնում։ «Ինչպե՞ս ենք գնահատում այս միտումը»։ Այստեղ, ես կարոծւմ եմ, մենք լուրջ սխալ ենք կատարում»,- ընդգծել է պատգամավորը։

Նա համոզված է, որ հեղափոխությունը պետք է ունենա իր տնտեսական հետեւանքները, այլապես կարող են ի հայտ գալ լուրջ խնդիրներ։ «Մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն։ Չկա այնպիսի երկիր, որտեղ քաղաքական հեղափոխությունը չազդի տնտեսական գործընթացների վրա։ Եթե չի եղել, ուրեմն ոչ մի քաղաքական հեղափոխություն էլ չի եղել»,- ասել է Բագրատյանը՝ կառավարության առաջարկած միջոցներն անվանելով անարդյունավետ։

Պատգամավորը համոզված է, որ շրջանառության հարկը պետք է կիրառվի ամբողջ տնտեսությունում, ինչը, նրա կարծիքով, կհանգեցնի զգալի արդյունքների։