ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը, հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս համագործակցությունն օգնել է Կիևին հարձակվել ռուսական ռազմական օբյեկտների վրա, գրում է աղբյուրը։ Հետախուզության փոխանցման դադարը հաստատել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, X-ում հայտնել է Fox News-ի լրագրող Ջեքի Հենրիխը։
Վաշինգթոնը շարունակում է Ուկրաինայի և Ռուսաստանի մասին հետախուզական տեղեկատվություն փոխանցել իր մերձավոր դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, պարզաբանել են թերթի աղբյուրները։
Միևնույն ժամանակ, Suspilne-ի աղբյուրը հայտնել է, որ մարտի 5-ի դրությամբ Կիևի և Վաշինգթոնի միջև տվյալների փոխանակումը պահպանվում է: Այսպես է նա մեկնաբանել Daily Mail-ի այն տվյալները, որ ԱՄՆ-ն արգելել է Մեծ Բրիտանիային ռազմական օգնության ավարտի շրջանակներում Վաշինգթոնից ստացված հետախուզական տվյալները կիսել Ուկրաինայի հետ։ Խոսքը տեղեկատվության մասին է, որը փոխանցվել է «Rel UKR — Releasable to Ukraine» դասակարգման ներքո:
The Daily Mail-ը նշել է, որ լայնածավալ մարտերի սկզբից ի վեր Ավստրալիան և Նոր Զելանդիան (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ միասին Five Eyes հետախուզական դաշինքի մաս են կազմում) նույնպես տվյալներ են կիսել Ուկրաինայի հետ:
0Comments