Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ըստ ամենայնի առաջիկա հանգստյան օրերն էական նշանակություն կունենան Վրաստանում իրավիճակի համար: Փարիզ է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը, որը մասնակցելու է Փարիզի Աստվածամոր տաճարի վերաօծմանը: Դրանից առաջ նա Ելիսեյան պալատում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ: |
Ֆրանսիա է մեկնել նաև Վրաստանի նախագահ, Ֆրանսիայի քաղաքացուհի, Ֆրանսիայի ԱԳ նախարարության և հատուկ ծառայության նախկին աշխատակից Սոլոմե Զուրաբիշվիլին, ըստ երևույթի տաճարի վերաօծման առիթով, բայց հաղորդվում է, նա Ֆրանսիայում կունենա մի շարք հանդիպումներ:
Ըստ ամենայնի, Տրամպ-Մակրոն հանդիպման օրակարգային հարցերի շարքում կլինի նաև Վրաստանը, և ըստ այդմ, Տրամպի հաղորդած ազդակի հիման վրա էլ Ֆրանսիայում իր ունենալիք հանդիպումներում համապատասխան ազդակ կարող է ստանալ Սոլոմե Զուրաբիշվիլին:
Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարել էր, որ սպասում են Տրամպի պաշտոնամուտին, որից հետո հենց նրա հետ կխոսեն ամեն ինչի մասին: Ըստ էության, դեռևս Վրաստանում խորհրդարանի ընտրության նախընտրական շրջանում եմ կարծիք հայտնել, որ Վրաստանում առանցքայինը ոչ այնքան, կամ առնվազն ոչ միայն Արևմուտք, թե Ռուսաստան բաժանարար գիծն է, այլ ներարևմտյան բաժանարար գիծ:
Վրաստանի կառավարող ուժի դիրքորոշումը լայն իմաստով՝ համահունչ է Տրամպի քաղաքական «դավանանքին», որով նա ներկայանում էր ամերիկյան ընտրողին: Եվ այդ իմաստով Վրաստանը ոչ թե հրաժարվում էր և է Եվրոպայից, այլ ներկայանում է աջ-պահպանողական Եվրոպայի իր պատկերացումով, ինչպես օրինակ եվրոպական մի շարք դերակատարներ, որոնցից առավել ընդգծվածը Հունգարայի վարչապետ Օրբանը, որը փաստորեն առաջինը փորձեց «կամուրջ գցել» ԱՄՆ նախագահի պաշտոնին գնացող Տրամպի հետ:
Ինչ կխոսեն Տրամպն ու Մակրոնը, առավել ևս, որ այդ խոսակցությունը փաստորեն տեղի է ունենալու Ֆրանսիայի նախագահի համար բարդ շրջանում՝ կառավարության հրաժարականի պայմաններում: Խորհրդարանում ձախերի և ծայրահեղ աջերի գործակցության շնորհիվ հրաժարական տվեց Միշել Բերնիեն՝ աջ-պահպանողական թեւը ներկայացնող վարչապետ: Այդ ուժերը պահանջոում են նաև Մակրոնի հրաժարականը, որը հայտարարում է, որ չի տա հրաժարական մինչև իր պաշտոնավարման ավարտը՝ 2027 թվական:
Տրաամպը արդյո՞ք գործարք կառաջարկի Մակրոնին՝ քաղաքական կուրսի լոյալություն, նախագահական ժամկետը ավարտելու հարցում աջակցության դիմաց»։
Աղբյուրը` Հակոբ Բադալյան
0Comments