Հիփոթեքային վարկից վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկելու դեպքում շահառուները լրացուցիչ ֆինանսական բեռ կունենան, բավականին լուրջ խնդիրների և փաստի առաջ կկանգնեն, Armenia Today-ին հայտնել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող աշխատանքային փաստաթուղթը, որով կառավարությունը մտադիր է հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկել։
Հուլիսի 30-ին «Հետքի» աղբյուրը տրամադրել էր ՀՀ ֆինանսների նախարարության աշխատանքային փաստաթուղթը՝ նշելով, որ հիփոթեքային վարկից վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկելու թեմայով մասնագիտական քննարկումներ են ընթանում։ Աշխատանքային փաստաթուղթը դեռ չի շրջանառվել որպես նախագիծ։ Եթե այն օրենքի նախագիծ դառնա, ըստ Պարսյանի, կառավարության կողմից բացասական ազդակ կլինի քաղաքացիներին։ Պարսյանը հիշեցրել է՝ հիփոթեքային վարկից քաղաքացիներին եկամտային հարկ վերադարձնելու ծրագիրը ներդրվել էր 2015 թվականից, և եթե այդ ժամանակ ծրագրից մի քանի հարյուր շահառու էր օգտվում, ապա 2023-ի տվյալներով՝ նրանց թիվը մոտեցել է 50 հազարին։ «2023-ին պետական բյուջեից 52 մլրդ դրամ է տրամադրվել քաղաքացիներին եկամտային հարկի հետվերադարձի համար, ինչը պետբուջեի համար բավականին լուրջ ֆինանսական բեռ է։ Տարեցտարի այդ բեռն ավելի է մեծանալու։ Կանխատեսվում է, որ մոտակա տարիներին այն կարող է հասնել մինչև 80 միլիարդ դրամի, ինչը մեր բյուջեի շուրջ 2%-ն է։ Ըստ այդմ՝ կառավարությունն իր միջնաժամկետ ծախսերը պլանավորելիս՝ փորձում է կրճատել ծախսերը, ռեզերվներ ստեղծել՝ ապագա հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար»,- նկատել է տնտեսագետը։ Նա հիշեցրել է, որ կառավարությունը որոշել է առաջիկա տարիներին կրճատել, հետո ամբողջությամբ վերացնել հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկի կիրառությունը․ մինչև 2025 թվականը ծրագիրը Երևանում կդադարի գործել, 2027-ից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029-ից ամբողջ հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան գնելիս եկամտային հարկը չի վերադարձվի։ «Երկրորդ էտապով փորձում են շրջանառության մեջ դնել հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկելու նախագիծը։ Օրինակ, եթե 3 ամսվա ընացքում քաղաքացին վճարել է վարկ, որի տոկոսը, ենթադրենք, ամսական կազմել է 100 հազար դրամ, այսինքն՝ 300 հազար տոկոս է վճարել, այդ փոփոխության դեպքում եռամսյակի վերջում 300 հազարը կհարկվի 60 հազար դրամով ու նրան 300 հազարի փոխարեն 240 հազար կվերադարձնեն։ Պետական բյուջեն, արդյունքում, գումարներ կխնայի, և եթե վերջին տվյալներով ծախսում էր 52 մլրդ դրամ, ապա այդ դեպքում կծախսի 40 մլրդ դրամ»,- բացատրել է Պարսյանը։
Նա ընդգծել է, որ ծրագրի շահառուներն այդ փոփոխության դեպքում խնդիրներ են ունենալու։ Չի բացառել, որ փաստի առաջ կկանգնեն նաև կառուցապատողները։ «Ծրագրից օգտվող մոտ 50 հազար շահառուի թվում հիմնականում միջին խավի ներկայացուցիչներ են, որոնց եկամուտներն ու ծախսերը կտրուկ տատանումներ չունեն և հստակ են։ Նրանցից շատերը պլանավորել էին, որ նույն 300 հազարն ամբողջությամբ հետ պետք է ստանային, և ծախսերը կատարեին։ Հիմա կառավարությունը լրացուցիչ ֆինասական բեռ ու ծախս է նախատեսում։ Շահառուներից շատերը կարող են խնդիրներ ունենալ, քանի որ բնակարանի համար հիփոթեք ձևակերպելիս հաշվի չէին առել, որ վճարելու են լրացուցիչ տոկոսի համար։ Արդյունքում՝ նրանք փաստի առաջ են կանգնելու․ նրանց ստացած գումարի մի մասը կրճատվելու է։ Բացի այդ, էականորեն վատանալու և սրվելու է այն շահառուների ֆինանսական վիճակը, ովքեր հիփոթեքային վարկի վճարման կեսն անցել են, և որից հետո, հիմնականում, բանկին վճարվող գումարը մեծ է լինում։ Ստացվում է, այդ մեծ գումարին նաև 20% հարկ է ավելանում։ Չի բացառվում, որ այդ շահառուները բավականին լուրջ խնդիրների առաջ կանգնեն»,- հավելել է տնտեսագետը։ Պարսյանի խոսքով՝ անշարժ գույքի շուկայում առանց այդ էլ բավականին լարված ու սպասողական վիճակ է, իսկ նման փոփոխությունն, իր հերթին, կարող է մեծ վնաս հասցնել կառուցապատողներին, շինարարներին։
«Քաղաքացին, ով մտածում էր հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մասին, հիփոթեքային վարկից վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկելու դեպքում մի քանի անգամ ավելի շատ կմտածի՝ արդյոք կկարողանա՞ վճարել, թե՞ ոչ։ Այս հանգամանքն, անշուշտ, իր բացասական ազդեցությունը կունենա բնակարանների վաճառքի ծավալի վրա»,- եզրափակել է տնտեսագետը։
0Comments