3 տարի է` որոշել էի, որ ոտքով եմ գնալու տուն. ինչպես Տոնոյանին դիմավորեցին ՔԿՀ–ի դիմաց

Մանրամասներ
4

Հարցին, թե ինչպես է իրեն զգում, նա պատասխանեց` տոկուն, ուժեղ ու անսասան։

Sputnik Armenia-ի փոխանցմամբ` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ՔԿՀ–ից դիմաց դիմավորեցին բազմաթիվ մարդիկ` ընկերներ, բարեկամներ ու հարազատներ։

Այսօր հայտնի դարձավ, որ նրա խափանման միջոցը փոխվել է, նախկին պաշտոնյան ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։ Քիչ առաջ նա դուրս եկավ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։

«Եկեք շարժվենք։ Ես 3 տարի է` որոշել էի, որ պետք է ոտքով գնամ տուն»,– ասաց նա ու լրագրողներին էլ առաջարկեց իր հետ գնալ։

Նա հիշեցրեց, որ կալանքի տակ է եղել 2 տարի 10 ամիս 11 օր։ Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանեց` տոկուն, ուժեղ ու անսասան։

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։