Հնդկաստանը եւ Պակիստանը գնդակոծել են միմյանց դիրքերը Քաշմիրում

Վերջին ժամանակներս իրավիճակը Քաշմիրում, որին հավակնում են Հնդկաստանը եւ Պակիստանը, էապես սրվել է

Պակիստանի եւ Հնդկաստանի զինվորականները երկուշաբթի առավոտյան գնդակոծել են միմյանց դիրքերը երկու երկրների համար վիճելի Քաշմիր շրջանում, լրագրողներին տեղեկացրել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Դեւենդեր Անանդը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այսօր առավոտյան մոտ ժամը 3-ին պակիստանյան բանակն առանց պատճառի խախտել է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Աքնուր հատվածը (Ջամու եւ Քաշմիր նահանգ- խմբ.)։ Մեր զինվորականները պատասխան կրակ են բացել։ Փոխհրաձգությունը դադարել է 06.30-ին»,- ասել է Անանդը։

Հնդկական կողմից հնարավոր զոհերի եւ տուժածների մասին չի տեղեկացվում։ Բանակի տեղեկատվությամբ՝ գնդակոծությունների բարձր վտանգի պատճառով բոլոր կրթական հաստատությունները վերահսկման գծից 5 կմ հեռավորության վրա (փաստացի սահմանն է, որը Քաշմիրում Հնդկաստանը բաժանում է Պակիստանից) երկուշաբթի փակ են եղել։  

Վերջին ժամանակներս իրավիճակը Քաշմիրում, որին հավակնում են Հնդկաստանը եւ Պակիստանը, էապես սրվել է։ Պատճառը մահապարտի գրոհն էր, որը փետրվարի 14-ին իրեն պայթեցրել էր ռազմականացված ոստիկանության շարասյան կողքին հնդկական հյուսիսային Ջամու եւ Քաշմիր նահանգում։ Այդ օրը ահաբեկչության զոհ է դարձել 45 մարդ։

Գրոհի պատասխանատվությունը ստանձնել է «Ջաիշ ե Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավար Մասուդ Ազհարը, Նյու Դելիի տեղեկատվությամբ, գտնվում է Պակիստանում։ Հնդկաստանը մեղադրեց Պակիստանին ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադը հերքեց այդ մեղադրանքները որպես «անապացույց»,՝ առաջարկելով Նյու Դելիին համատեղ հետաքննություն անցկացնել։ Միջադեպը սրել է առանց այդ էլ լարված հարաբերությունները Նյու Դելիի եւ Իսլամաբադի միջեւ՝ տարածաշրջանը նորից կանգնեցնելով ռազմական հակամարտության շեմին։