Վերջերս, անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում և պետական հատուկ ծառայությունների անվան տակ այցեր է կատարում Շիրակի մարզի տարբեր համայնքներ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ նշելով, որ ինքնակոչների խումբը ուսումնասիրություն է կատարում տարբեր` շինարարական, հակահրդեհային, անվտանգային, բուժ օգնության և սպասարկման, կրթության ոլորտների աշխատանքների ընթացքի վերաբերյալ, դիտողություններ է անում պետական համակարգի աշխատակիցներին այս կամ այն թերացումների համար, հիվանդանոցներ է մուտք գործում առանց համապատասխան հանդերձանքի և բախիլների, նկարահանում է նոր վիրահատված կամ բուժում ստացող բուժառուներին, մտնում է դպրոց, նկարում դպրոցականներին` առանց ծնողների թույլտվության, մտնում է մանկապարտեզներ, կեղտոտ ձեռքերով կպնում է իրերին, որոնք երեխաներն են հետո ձեռք տալու և շատ հնարավոր է վարակի աղբյուր հանդիսանա երեխաների համար, նկարում երեխաների քնասենյակը:
Պատգամավորը տեղեկացննում է, որ վերոգրյալ խմբավորման անդամները պետական որևէ պաշտոն չեն զբաղեցնում, կուսակցական պատկանելիությունը դեռ հայտնի չէ և չունեն որևէ լիազորություն նմանատիպ ստուգումեր իրականացնելու, դիտողություններ անելու, սպառնալիքներ հնչեցնելու պետական կամ համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին։
«Նշեմ նաև, որ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար կան գերատեսչություններ, որոնք ունեն համապատասխան լիազորություններ` հարկ եղած դեպքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար։
Վերոնշյալ կազմակերպության անդամները իրենց այցերի ժամանակ չեն ներկայանում որպես հասարակական կազմակերպություն` փորձ անելով պետական կառավարման հատուկ մարմինների անվան տակ թելադրողի դիրքում հանդես գալ և հրամաններ արձակել, մինչդեռ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետով հստակ արգելվում է կազմակերպության այնպիսի անվանման օգտագործում, որը նույնական է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին։
Այս անձինք, հատուկ ընտրելով հասարակական կազմակերպության այնպիսի անվանում, որը հանրության մոտ նույնականացվելու է պետական հատուկ ծառայության հետ, փորձում են ինքնահաստատվել` անգործության մեջ մեղադրելով պետական գերատեսչություններին։
Կարծում եմ այստեղ անելիք ունեն նաև ուժային կառույցները։
0Comments