Տավուշը վաղ թե ուշ պայթելու է Կառավարության շենքի մոտ. Սուրենյանց

Մանրամասներ
իրավիճակ

Միայն Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի հիվանդ երևակայության մեջ կարող էր ծնվել միտք, թե երկու երկիր՝ Հայաստանն ու Ադրբեջանը, հիմա իրականացնում են սահմանների վերարտադրություն։ Ավելին, վստահ եմ, որ նա դա ասում է ոչ թե հայ հասարակության, այլ Ալիևի համար, որովհետև Ադրբեջանի կողմից իջեցվել է հստակ պահանջ՝ պետք է օգտագործել ոչ թե սահմանների վերարտադրություն, այլ Հայաստանի նոր սահմաններ ձևակերպումը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Տավուշի անվտանգության գոտին Ադրբեջանին հանձնելու՝ Հայաստանի իշխանության որդեգրած քաղաքականության և իրականացվող քայլերի մասին, նման տեսակետ հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Մի գաղտնիք բացեմ. գիտեք, որ հիմա ընթանում է Ադրբեջան-Հայաստան փաստաթղթերի փոխանակման գործընթաց։ Փաստաթղթերում հայկական կողմն անընդհատ օգտագործում է սահմանների վերարտադրություն տերմինը, Ադրբեջանի կողմից հստակ դրված է պահանջ. պետք է գրել ոչ թե՝ սահմանների վերարտադրություն, այլ՝ Հայաստանի նոր սահմաններ»,- հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունների մասին պատմեց Սուրենյանցը, ապա շարունակեց, որ Հայաստանին նոր սահմաններ պարտադրելու համատեքստը պետք է դիտարկել այսպես՝ այսօր Տավուշում Հայաստանի անվտանգության գոտին միակողմանիորեն Ադրբեջանին հանձնելու գործընթաց է տեղի ունենում: Եվ դա որևէ կապ չունի պետությունների միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ։

Ըստ Սուրենյանցի՝ Փաշինյանն իր այս քայլով զիջում է Հայաստանի ամենաամուր դիրքերը, բայց դրանով ոչ թե Հայաստանի դեմ պատերազմն է բացառում, այլ ընդամենը հետաձգում է մի քանի շաբաթով, որի ժամանակ այլևս հայկական կողմը չի ունենալու Տավուշի ամուր պաշտպանված դիրքերը։

«Երբեք չմտածեք, թե Ալիևը չորս գյուղի համար պատերազմ կսկսեր, ինչպես վախեցնում էր ՀՀ իշխանությունը։ Ալիևը Հայաստանի դեմ պատերազմ սկսելու ընդամենը մի պատճառ ունի, և դա Սյունիքով միջանցքն է»,- ասաց Սուրենյանցը՝ ընդգծելով, որ Փաշինյանը վաղ թե ուշ տալու է այն, ինչը տալու պարտավորություն է ստանձնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և անկախ Ռուսաստանի հանդեպ ավելացող ատելության աստիճանից։

«Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ շատ կոշտ ճնշման գործիքներ չի բանեցնելու, միևնույն ժամանակ՝ Փաշինյանն էլ չի համարձակվի ՀԱՊԿ-ից շուտ դուրս գալու մասին հայտարարել։ Ռուսաստանը կոշտ միջոցների չի գնա, քանի որ տեսնում է նաև, որ Փաշինյանն Արևմուտքի կողմից որևէ անվտանգային երաշխիք չի ստացել, ոչինչ չի ստացել, և հո պատահակա՞ն չէր, որ Բրյուսելում կայացած հանդիպմանն անմիջապես հաջորդեց Տավուշի տարածքների հանձնումը։ Ռուսաստանը գիտի, որ Փաշինյանին ասել են՝ Ադրբեջանին պետք է միակողմանի զիջումներ անի և ուժեղացնի հակառուսական ալիքը՝ չստանալով անվտանգային երաշխիքներ։ Այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, Հայաստանի պսևդոարևմտամետների՝ թրքամետների վարդագույն քարոզչության հետևանքն է, այն նույն մարդկանց, որոնց ես անվանում եմ հույսի վաճառականներ»,- ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը՝ մտահոգություն հայտնելով երկրում քաղաքական լուծումների բացակայության առնչությամբ։

«Տավուշը պայթելու է Կառավարության շենքի մոտ՝ վաղ թե ուշ։ Երկրում բռնկվելու է անկառավարելի քաոս, եթե առաջիկայում չլինեն քաղաքական լուծումներ։ Փաշինյանի մնալով՝ անվերահսկելի քաոս կլինի՝ արտաքին ներխուժմամբ, այնպես որ, Փաշինյանն առայժմ ունի հեռանալու՝ հումանիտար միջանցքով հեռանալու հնարավորություն։ Վստահ եմ՝ փողոցում հազարավոր մարդկանց կանգնելու դեպքում ուժային կառույցներում գզվռտոց կսկսվի՝ Փաշինյանին կալանավորելու համար»,- խոսքը եզրափակեց Սուրենյանցը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում