Ես չգիտեմ մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան

Մանրամասներ
արտակ

Նիկոլը չի հոգնում մանիպուլացնել 2018թ. դրությամբ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը՝ հղում անելով և աղավաղելով նաև 2017թ. ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտնած մտահոգությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը:

Նա նաեւ նշել է. «Մենք էլ չենք հոգնելու շարունակ պարզաբանել բանակցային իրականությունը  և պնդել, որ 4 500 տարվա հայկական Արցախը կործանած և ամբողջությամբ հայաթափած անձը եղել և լինելու է ձախողումների միակ պատասխանատուն ու մեղավորը:

2018թ. դրությամբ, բանակցային գործընթացում թե՛ Հայաստանի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, և թե՛ միջազգային հանրության համար անվերապահորեն գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման և ինքնորոշման իրավունքի իրացումը (տես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրների նախագահների հինգ համատեղ հայտարարությունները):

2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ խնդիրը միայն խաղաղ կարգավորմամբ լուծելու միջազգային լեգիտիմ պահանջը:

2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ խնդիրը փոխզիջումային տարբերակով լուծելու՝ բոլոր կողմերի ընկալումը:

2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման միջազգային մեխանիզմների ներդրման գործընթացը, ինչը փաստացի բացառելու էր պատերազմի հավանականությունը:

2018թ. դրությամբ, ո՛չ նոր պատերազմի, և ո՛չ էլ Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ կորցնելու հեռանկար աշխարհում ոչ ոք չուներ: Նույնիսկ Բաքվում կամ Անկարայում այդ մասին չէին կարող պատկերացնել:

Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի  իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար, քանի որ արել է ամեն ինչ՝ այսօրվա աղետալի և կործանարար իրավիճակը ստանալու համար:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին արցախյան հիմնախնդրի կարգավորման, Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման, ՀՀ գլոբալ անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայոց Ցեղասխանության միջազգային ճանաչման գործընթացները եղել են Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները: ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա:

Հ.Գ.- Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները: Սա նոնսենս է, ժամանակակից աշխարհի համար ծիծաղելի ողբերգություն: Սա  ոչ թե, ինչպես Նիկոլն է ասում՝ «ֆորպոստից ազատվելու» գործընթաց է, այլ պետությունը բոլոր արտաքին ուժերից և բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց: Սրա հետևանքը կարող է լինել այն, որ որոշ ժամանակ հետո, մեր կամ հաջորդ սերունդները խնդրեն, որպեսզի ինչ-որ մեկի ֆորպոստը դառնան»: