Համարում ենք անբարոյական և ոչ բարեկամական քայլ. Ուկրաինան՝ Մոսկվայում Հաղթանակի շքերթին ԱՊՀ երկրների առաջնորդների ներկայության մասին

Մանրամասներ

Ուկրաինան Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին մայիսի 9-ին կայացած զորահանդեսին համարում է «անբարոյական եւ ոչ բարեկամական քայլ»։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդում է NV.ua-ն։

«Հանրային միջոցառմանը նշված օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը ռազմական հանցագործի հետ միասին, որը պարծենում է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր լայնամասշտաբ պատերազմի սանձազերծմամբ, համարում ենք անբարոյական եւ ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, արհամարհանքի դրսեւորում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, որը պայքարում է իր գոյատեւման եւ ազատության համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ժողովուրդներն անգնահատելի ներդրում են ունեցել 78 տարի առաջ նացիզմի դեմ տարած հաղթանակի գործում եւ «արժանի չեն, որ Կրեմլն օգտագործի նրանց՝ կեղծ գործողությանը մասնակցելու համար, որը ոչ մի աղերս չունի նացիզմի դեմ հաղթողների սխրանքի հետ»։