Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան:
Կառավարության հասարականության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը հանդիպել է Քյոլնի տեխնիկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո - թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը, որտեղ արտադրվել է Նաիրիտ-2-ը՝ խորհրդային ժամանակաշրջանի առաջին կիսահաղորդչային համակարգիչը և աշխարհում առաջիններից մեկը: ԽՍՀՄ-ի սուզանավերի ու տիեզերանավի համար հաշվարկային համակարգերի և էլեկտրոնիկային հիմնական բաղադրատարրերի մեծ մասը հղացվել ու արտադրվել է Հայաստանում: Կիսահաղորդչային տեխնիկա նախագծող, արտադրող, փորձարկող և ինտեգրող կենտրոնների մեծ մասը գործում էին Հայաստանում:
Այսօր Հայաստանի ներուժը ընդլայնվել է: ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում աճել է հինգ անգամ, տարեկան 25 տոկոսով: Synopsys, National Instruments, Cisco, VMWare, TeamViewer, Mentor Graphics- ը (Siemens- ին պատկանող) և շատ այլ անդրազգային ընկերություններ գիտահետազոտական գրասենյակներ ունեն Հայաստանում, որոնցում ներգրավված են հազարավոր մասնագետներ, ովքեր լուծում են 5G և մեքենայական կապին, իրերի համացանցին (Internet of Things), արհեստական ինտելեկտին, ռոբոտներին առնչվող բարդ խնդիրներ:
Հայաստանի ներկայիս ներուժը հնարավորություն է տալիս իրականացնել զանազան ծրագրեր ինչպես Սփյուռքի մեր հայրենակիցների ու միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՏՏ հսկաների հետ:
Մենք նախաձեռնել ենք հետաքրքիր մեկնարկային ծրագրեր՝ էկոհամակարգերի, ինկուբատորների, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաների ստեղծման նպատակով:
Մեր առաջնահերթություններից են արհեստական ինտելեկտը, կիբեռանվտանգությունը, բլոկ-շղթան և կիսահաղորդչային տեխնոլոգիաները:
Հայաստանի հիմնական հարստությունն իր շնորհալի ու տաղանդաշատ քաղաքացիներն են, ովքեր ստացել և ստանում են գերազանց կրթություն: Դրա շնորհիվ հայաստանյան ստարտափներն արագորեն զարգանում են, նրանցից ոմանք առաջատար դիրքեր են զբաղեցնում աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա: Ապացուցված փաստ է. երբ հայերին հնարավորություն է ընձեռվում, նրանք միշտ հաջողում են: Սա է պատճառը, որ հայերն ավելի շատ են աչքի ընկնում Սփյուռքում: Ահա թե ինչու մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում ստեղծի համատեղելի միջավայր, որպեսզի այն դարձնի իր ժողովրդի մտավոր ներուժի կիզակետը»։
Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ պաշտոնական կայքում։
Աղբյուր` Panorama.am
0Comments