Հանրության կարծիքը չպետք է ազդի դատավորների որոշումների վրա. Տարոն Սիմոնյան

Շատերը փորձում են ազդեցություն ունենալ դատավորների վրա, նույն ճանապարհով, որով տեղի է ունեցել հեղափոխությունը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն  ArmeniaDaily.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է հանրության կողմից գործադիր և դատական մարմիններին ներկայացվող պանաջներին՝ նշելով, որ շատերը փողոցներ փակելու ճանապարհով  փորձում են ազդել արդարադատություն իրականացնող մարմինների վրա:

Պարոն Սիմոնյանի խոսքերով՝ սա իրավագիտակցության մակարդակի բացակայության խնդիր է և այստեղ պետք է առաջին հերթին հանրությանը բացատրել, որ գործադիր իշխանությունն իրավունք չունի որևէ ձևով ազդել արդարադատության իրականացման գործընթացին:

«Իդեալական մակարդակում արդարադատություն իրականացնելու համար դատավորի միտքը, ուղեղը պետք է պարզ և մաքուր լինի: Նա պետք է զբաղվի բացառապես ապացույցների հետազոտությամբ: Ինչքան էլ հանրությունը պահանջներ ներկայացնի, ինչքան էլ հանրության մոտ կանխավարկած լինի, որ ինչ-որ մի անձ անմեղ է կամ անմեղ չէ, նա իր այդ կանխավարկածով չպետք է ազդեցություն կատարի դատավորների մտածողության վրա: Մեր իրականությունում սոցիալական պահանջներն այնպես են դրվում, որ ուզած, թե չուզած մեր դատավորներն ինչքան էլ փորձեն իրենց միտքը պարզ ու հստակ պահել անուղղակիորեն ազդվում են հասարակական այդ պահանջներով և շատ դեպքերում այդ ազդվածությունը հակառակ ազդեցություն է ունենում արդարադատության իրակնացման վրա»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքերով հանրությունը փորձում է ազդեցություն ունենալ իշխանության ներկայացուցիչների կամ դատավորների վրա՝ պահանջելով ինչ-որ մի որոշում, նույն ճանապարհով, որով տեղի է ունեցել հեղափոխությունը. «Մեր հանրությունը պետք է ուշադիր լինի իր պահանջների մեջ և իր պահանջները բխեցնի իրավական տրամաբանությունից»: