Ես ինքս էլ սրճարանում մատուցողուհի եմ աշխատել. Մարիամ Փաշինյան

Եթե աշխատանքիդ արժանապատվությամբ մոտենաս, քո տնտեսական վիճակը կբարելավես, իսկ եթե նստես և բողոքես, ավելի հեշտ աշխատանքի ձգտես ավելի բարձր աշխատավարձով, ոչինչ չի ստացվի

Armenian Report առցանց հարթակը հարցազրույց է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանի հետ: Հարցազրույցի ընթացքում Մարիամ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ է զգում՝ լինելով ՀՀ վարչապետի դուստրը:

«Դա նորմալ է, բայց միևնույն ժամանակ՝ բարդ: Բայց մեզ համար դա նորմալ է, չեմ կարող որևէ հատուկ բան նշել: Նա միշտ էլ շատ զբաղված է եղել աշխատանքով: Բազմաթիվ ծնողներ օրվա ընթացքում երկար ժամերով աշխատում են: Ճիշտ է, մեզ համար դժվար է եղել, բայց նաև հետաքրքիր, որովհետև մենք նրանից այնքան բան ենք սովորել», – նշել է Մարիամը:

Մարիամ Փաշինյանը նաև հայտնում է, որ հեղափոխության օրերին սովորում էր արտերկրում և պատրաստվում քննությունների, սակայն շատ է ցանկացել ամեն ինչ թողնել և գալ Հայաստան: Սակայն, ի վերջո, որոշել է մնալ և ավարտին հասցնել քննությունները:

Իսկ հեղափոխության ընթացքին Մարիամը հետևել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, ինչպես մյուսները: Իսկ արդեն իշխանափոխությունից հետո, Մարիամ Փաշինյանի խոսքով, ինքը ոչ թե զարմացել է, այլ երջանիկ է եղել. ինչպես և բոլորին, իրեն էլ թվացել է, թե հրաշք է կատարվել:

Իսկ կյանքում ինչ-որ բան փոխելու համար, ըստ Մարիամի, պետք է աշխատել, ոչ թե սպասել, որ ինչ-որ մեկը կգա և իրենց կյանքում ինչ-որ բան կփոխի:

«Ես ինքս էլ սրճարանում մատուցողուհի եմ աշխատել, երբ շատ ավելի երիտասարդ էի: Ուզում եմ ասել, որ եթե աշխատանքիդ արժանապատվությամբ մոտենաս, քո տնտեսական վիճակը կբարելավես, իսկ եթե նստես և բողոքես, ավելի հեշտ աշխատանքի ձգտես ավելի բարձր աշխատավարձով, ոչինչ չի ստացվի», – նշել է Մարիամ Փաշինյանը: