Ապօրինի որս՝ մանկահասակ երեխաների «ներգրավմամբ»

«Արյունոտ ձեռքերով փայտահատը»

EcoNews.am-ը   շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ եւ այլ մանրամասներ:

Տաշիր քաղաքի 31-ամյա բնակիչ Պողոս Աթոյանն օրերս որսագողության մասին փաստող լուսանկարներ է բեռնել սոցիալական բաց հարթակ: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը՝ լուսանկարներում քարակզաքիս (Mustelidae) է, որը կզաքիսայինների ընտանիքից գիշատիչ կաթնասուն է։ Վերջինիս նկատմամբ որսի իրականացման համար թույլտվություն սահմանված չէ:

Ինչպես հայտնել ենք, որսի համար նախատեսվող 2018-2019 թթ. օգտագործման թույլատրելի չափաքանակները եւ որսի ժամկետները սահմանելու մասին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով՝ որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել իրականացնել կաթնասունի որս:

Քարակզաքիսը կզաքիսների միակ տեսակն է, որը չի վախենում ապրել մարդկային բնակավայրերի մոտ։ Սնվում է կրծողներով, սողուններով, երկկենցաղներով, միջատներով, թռչուններով եւ նրանց ձվերով ու ձագերով, նաեւ բուսական կերով։ Մորթին արժեքավոր է։ Ուշագրավ է, որ իրականացված ապօրինի որսը համարվել է «դիտարժան», ինչի հետեւանքով արյունոտ կենդանին ձեռքում լուսանկարվել են նաեւ մանկահասակ երեխաներ:

Նշենք, որ լուսանկարները համացանց են բեռնվել բոլորովին վերջերս՝ դեկտեմբեր ամսին: Այս տարվա սեպտեմբեր ամսին նույն անձի կողմից բեռնվել է նաեւ նապաստակի որսի լուսանկար, որի որսի թույլտվություն եւս սահմանված չէ:

Բեռնված լուսանկարները վկայում են, որ բազմաթիվ անգամներ խախտվել են ՀՀ օրենսդրությամբ եւ այլ նորմերով սահմանված պահանջները:

Պողոս Աթոյանը 2016թ.-ին բեռնել է սպանված նապաստակի լուսանկարներ, իսկ 2015թ.-ին՝ անգամ սպանված վարազի: «2015-2016 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները եւ դրանց ժամկետները սահմանելու մասին» հրամանի համաձայն եւս թույլատրված չէ որեւէ կաթնասունի որս, բացի գայլ եւ շնագայլ տեսակներից:

Նշենք, որ վերջին տարիներին մի շարք պատճառներով վայրի բնության մեջ կտրուկ կրճատվել է վարազների թվաքանակը, ինչի հետեւանքով վարազի որսի թույլտվություն չի սահմանվում: Ուստիեւ վերոնշյալ դեպքերը եւս ապօրինի որսի հետեւանք են: Բազմաթիվ են գայլի որսի եւ դրանց մորթու օգտագործման մասին վկայող դեպքերը:

Ուսումնասիրելով վերջինիս բաց հանրային տվյալները հայտնաբերում ենք նաեւ հետեւյալ լուսանկարները: Նշենք, որ Լոռու մարզում, հատկապես՝ Ալավերդու, Ստեփանավանի անտառներում բազմաթիվ են նաեւ ապօրինի ծառահատումների դեպքերը: Նշված լուսանկարները պետք է դառնան առանձին ուսումնասիրության առարկա համապատասխան մարմինների կողմից:

Պողոս Աթոյանի լուսանկարներում հանդիպում ենք նաեւ «Տաշիր կաթ» ԲԲԸ տարածքում պահվող հայտնի արջերին, որոնք եւս 10 տարի առաջ տեղի ունեցած ապօրինի որսի հետեւանք են: Լուսանկարներում կրկին մանկահասակ երեխա է:

Նշված եւ նմանատիպ դեպքերի առկայությունը վկայում է, որ հասարակության շրջանում դեռեւս էկո-գիտակցության եւ էկո-կրթության ցածր մակարդակ է, ինչպես նաեւ անհրաժեշտ գիտելիքների պակաս: Հատկապես ուշագրավ է ծնողների կողմից մանկահասակ երեխաների ներգրավումը նման տեսարաններում: Այս երեւույթները քննարկման կարիք ունեն ոչ միայն ապօրինի գործողությունների տեսանկյունից, այլեւ բարոյական եւ դաստիարակչական:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության եւ մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաեւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը: