Ես դժվարությամբ էի համոզել դատապարտյալներին չսկսել մասսայական հացադուլներ

Կառավարության մերժման բովանդակությանը չեմ էլ ուզում անդրադառնալ, քանզի այն համարում եմ ոչ հիմնավոր

Այսօր կառավարությունը մերժել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած փոփոխությունը Քրեական Օրենսգրքում։

Պատգամավորն առաջարկում էր նախնական կալանքի տակ պահելու ժամկետն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժի 1 օրը հաշվարկել 1,5 օր։

«Իմ առաջարկը պայմանավորված էր նախնական կալանքի վայրերի պայմաններով, որոնք երբեմն ավելի ծանր են, քան քրեակատարողական հիմնարկներում: Բազմաթիվ քրեական գործեր կան, որոնց շրջանակում նախնական կալանքի տակ գտնվող անձինք, ամիսներով կամ տարիներով կալանավորված անձի կարգավիճակում սպասում են դատարանի վճռին, և հաշվի առնելով, որ նախնական կալանքի տակ գտնվող անձի կարգավիճակը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում և պահման ավելի խիստ պայմաններ՝ գործող քրեական օրենսգրքի՝ պատիժների հաշվակցման մոտեցումն անթույլատրելի է և ոչ մարդասիրական: Ես որպես նախկին լրագրող եւ պատգամավոր, շարունակում եմ պնդել, Օսվենցիմը Հայաստանի նախնական կալանքի պահպանման որոշ վայրերի եւ մասնավորապես՝ Նուբարաշեն քրեակատարողականի համեմատ՝ լյուքս դասի հոթել է։

Կառավարության մերժման բովանդակությանը չեմ էլ ուզում անդրադառնալ, քանզի այն համարում եմ ոչ հիմնավոր։ Ընդամենը տեղեկացնեմ, որ ինձ շատ մեծ դժվարությամբ էր հաջողվել համոզել քրեակատարողական հիմնարկների կալանավորներին՝ այս հարցի հետ կապված մասսայական հացադուլի չնստել»,-գրել  է Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում։