«5 լուր». համառոտ՝ կարևորի մասին. 06.02.2019

Armeniadaily.am-ը ներկայացնում է

Կառավարությունը վերջին «շտրիխներն» է անում եւ իր ծրագիրը ԱԺ կներկայացնի մինչեւ փետրվարի 8-ը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ գործադիրի բոլոր անդամներն աշխատել են ծրագրի վրա, որտեղ արտացոլված են կառավարության բոլոր նպատակներն ու խնդիրները, առանցքային սկզբունքները, արժեհամակարգը, որի կերտմանը ձգտելու է կառավարությունը, ինչպես նաև աղճատված եւ արատավոր երեւույթները, որոնք ենթակա են անհապաղ վերացման: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է որոշակի խմբագրումներ անել ծրագրում: «Մինչեւ ամսի ութը ժամանակ ունենք, խմբագրումները կանենք ու կուղարկենք Ազգային ժողով»,-վստահեցրել է Մհեր Գրիգորյանը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասել է, որ կառավարության ծրագրի հենքը եղել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է վաղը երեկոյան կառավարության անդամներով հավաքվել ու «վերջին շտրիխներն անել»։ Նա ասել է, որ հարցն այսօր քվեարկության չի դնելու։

 

Այսօր կառավարության նիստում նշանակվել են Տավուշի եւ Շիրակի մարզպետները: Տավուշի մարզպետ է նշանակվել Հայկ Չոբանյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Տիգրան Պետրոսյանը: Նշենք, որ այս պաշտոնները թափուր էին մնացել, երբ մարզպետներ Վահե Ղալումյանն ու Կարեն Սարուխանյանը ընտրվել էին ԱԺ պատգամավոր: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել նոր մարզպետներին՝ նշելով. «Պետք է քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, ցույց տանք, թե ինչ ներդրումներ կարող են անել՝ մարզերի զարգացումն ապահովելու համար»:

 

Հայաստանը Կատարում դեսպանություն կբացի, որի ծախսի մեծ մասն իր վրա կվերցնի Կատարը: Որոշումը կայացվել է այսօրվա նիստում, դեսպանության նստավայրը կլինի մայրաքաղաք Դոհան: Հիմնավորման մեջ նշվում է, որ, նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի եւ Կատարի միջեւ աճ արձանագրող առեւտրաշրջանառությունը, ինչպես նաեւ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, երկու երկրների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Կատարի Պետությունում բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Կատարական կողմը նաեւ պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով եւ Երեւանում բացել Կատարի Պետության դեսպանություն: Կատարական կողմը նաև պատրաստ է տրամադրել տարեկան 400.000 կատարական ռեալ՝ մոտ 110.000 ԱՄՆ դոլար՝ երեք տարի տեւողությամբ, ինչպես նաև դեսպանության համար տարածք, դեսպանի համար կեցավայր ու երկու ավտոմեքենա:

 

«Ես ընկերներ եմ կորցրել». այս հայտարարությամբ այսօր ոստիկանապետ Օսիպյանն առարկել է «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառելու նպատակադրմանը: Այդ մասին նա հայտարարել է դատարանում՝ նիստի ժամանակ: «Եթե չլինեին իմ կորցրած ընկերները, միգուցե իմ դիրքորոշումն այլ լիներ: Յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»,-հայտարարել է ոստիկանապետը: Հարցաքննությունն ավարտվել է, իսկ դատական նիստերի դահլիճից դուրս գալուց հետո «Սասնա ծռերի» աջակիցները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Օսիպյանի հասցեին: Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այժմ կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

 

«Գազպրոմ Արմենիան» չի շտապում մանրամասներ ներկայացնել Հայաստանի սահմանին գազի սակագնի փոփոխությունների հետ կապված. հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ նշելով, որ քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, ինքը չի կարող տեղեկություն հաղորդել սակագնի փոփոխությունների ու դրանցից բխող զարգացումների մասին: «Պարտք կուտակվում է, թե չի կուտակվում, թե ինչպես պետք է իրականացվի ֆինանսատնտեսական գործունեությունը, ես այժմ չեմ կարող ասել, բոլոր հարցերը հիմա քննարկվում են: Ի դեպ, քննարկումներն անցկացվում են բոլոր ուղղություններով, այդ թվում ներդրումային, կապիտալ նորոգումների ծրագրերի, կորուստների և այլն: Նպատակն այն է, որ մի կողմից դա չվնասի ընկերության գործունեությանը, մյուս կողմից չհանգեցնի ոչ ցանկալի արդյունքների»,-ասել է Միրումյանը: Ինչ վերաբերում է քննարկումների ժամկետներին, ապա Միրումյանը նշել է, որ երկու ամիս է նախատեսված, սակայն չի բացառվում, որ այդ ժամկետը երկարաձգվի: