Ճիշտ ենք անում, որ բուհերի գործունեությանն անհարկի չենք միջամտում, մյուս կողմից չպետք է իներտ լինենք

Մենք այստեղ պետք է լինենք բավարար չափով ճկուն եւ լսենք այն ձայները, որոնք մեզանից միջամտություն են պահանջում

Մենք ճիշտ ենք անում, որ բուհերի գործունեությանն անհարկի միջամտություններ չենք անում, մյուս կողմից չպետք է իներտ լինենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ նախկինում բուհերում գործել են համակարգեր, որոնք այլ քաղաքական համակարգի տրամաբանության մեջ են եղել եւ շարունակում են նույն տրամաբանության մեջ գործել. «Մենք պետք է ինչ-որ տեղ կարողանանք ոչ թե միջամտությամբ, այլ մեր դիրքորոշումն արտահայտենք»:

Փաշինյանի խոսքով, բուհերում նախկինում կառույցներ են եղել, որոնց նպատակը եղել է ուսանողներին եւ բուհական համակարգը իշխանության համար վերահսկելի դարձնելը. «Եթե այդ օղակները հիմա էլ գործում են, բնականաբար, մենք այդպիսի բանի պահանջարկ չունենք եւ նման խնդիր չենք դրել: Բայց մյուս կողմից հարց է ծագում, թե ինչն են նրանք ուզում վերահսկելի դարձնել եւ ում համար: Այս առումով մեզ հրապարակային մեղադրանքներ են հնչում: Մենք այստեղ պետք է լինենք բավարար չափով ճկուն եւ լսենք այն ձայները, որոնք մեզանից միջամտություն են պահանջում»,-ասաց Փաշինյանը: