Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:
Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝
– Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը,
– մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ՝ բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը,
– ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, անկախ դատական համակարգի գոյությունը, հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումը,
– հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը,
– Կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը,
– քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը,
– կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը,
– աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի և կրթության միջոցով,
– պետական ծախսերի և գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը,
– ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:
0Comments