Այս դատավարության ելքը մեզ համար կանխատեսալի չէ. Հայկ Ալումյան

Դատավարությունն անց է կացվել շատ հավասարակշռված ձևով

«Ես չտեսա կանխակալ մոտեցում դատավարության ընթացքում։ Դատավարությունն անց է կացվել շատ հավասարակշռված ձևով։ Երկու կողմի ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել լիարժեք ներկայացնել բոլոր փաստարկները։ Թե հետո ինչպիսի դատական ակտ  կկայացվի, ես չեմ կարող ենթադրել»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննության ավարտվից հետո լրագրողներին ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։ 

Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանում դատավարության ելքն իրենց համար նախապես հասկանալի էր, այս դատավարության ելքն իրենց համար կանխատեսալի չէ։

Դատարանը որոշումը հրապարակվելու է փետրվարի 7-ին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ փաստաբանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: