«Անտարա» լրատվական գործակալության պատկերասրահում փետրվարի 2-ին տեղի է ունեցել «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների երկշաբաթյա ցուցահանդեսի փակումը, որի շրջանակում ՀՀ դեսպանությունը և «Անտարա» լրատվական գործակալությունը համատեղ կազմակերպել էին հանդիպում-քննարկում Ինդոնեզիայի հիսունից ավելի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների և լուսանկարիչ լրագրողների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման սկզբում հրավիրվածներին իր ողջույնի խոսքն է հղել Ինդոնեզիայի զբոսաշրջային ասոցիացիայի Ջակարտայի մասնաճյուղի (The Indonesian Tourist Guide Association – Jakarta Chapter) նախագահ Ռեվալինո Թոբինգը (Revalino Tobing):
Քննարկման սկզբում ցուցադրվել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող տեսահոլովակ: Տեսահոլովակի ցուցադրմանը հետևած քննարկման ընթացքում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Անտարա» գործակալության լրագրող Ատման Ահդիատը (Atman Ahdiat) և լուսանկարիչ լրագրող Հերմանուս Պրիհատնան (Hermanus Prihatna) խոսել են Հայաստանի՝ որպես հետաքրքիր ու պատմամշակութային առումով հարուստ զբոսաշրջային ուղղության մասին և պատասխանեցին ներկաների բազմաբնույթ հարցերին:
0Comments