Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի դե յուրե կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասել է․ «Նախկին Խորհրդային միության սահմանները դե յուրե ուժի մեջ են Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի հետ, այսինքն՝ տարածքի չճանաչելու խնդիր չկա, նման հարց չկա»։

Վարչապետը հավելել է, որ, իհարկե, Հայաստանը և Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, բայց համոզված է, որ առաջիկայում այդ հարաբերությունները կհաստատվեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները։

Փաշինյանն ընդգծել է, որ որևէ օբյեկտիվ փաստ չկա, որը կվկայի Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու խնդրի առկայության մասին։

Անդրադառնալով սահմանամերձ Խոր Վիրապի հատվածին և պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքին՝ վարչապետը տեղեկացրել է այնտեղ իրականացվող ծրագրի մասին։

«Այնտեղ մենք ծրագիր ենք իրականացնում. գիտեք, որ այդտեղ գտնվում է մեր պատմական Արտաշատ մայրաքաղաքը, որը Արտաշես արքան է հիմնադրել…։ Իմ հանձնարարությամբ հիմա այնտեղ ծրագիր է իրականացվում, որպեսզի Արտաշատ հնավայրը՝ ամբողջությամբ մայրաքաղաքի ավերակների տարածքը, հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար»,- ասել է Փաշինյանը։

Share.