Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ եթե չհենվենք «իրական Հայաստանի» տեսլականի վրա, երկրի գոյությունը հարցականի տակ կդրվի։ Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
Հարցին, թե արդյոք նա կիսում է Ալիևի այն տեսակետը, որ Բաքվում գերության մեջ պահվող ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն «ահաբեկիչներ են», և եթե ոչ, ապա ի՞նչ հակափաստարկներ են ներկայացվել, Փաշինյանն ըստ էության չպատասխանեց։ Փոխարենը նա սկսեց դատողություններ անել այն մասին, թե ճեպազրույցի ընթացքում քանի անգամ է հնչել «Իլհամ Ալիև» անունը. ընդ որում, այն հնչեցրել էր հենց ինքը՝ վարչապետը, սակայն մեղադրանքներն ուղղում էր ուրիշներին։ Նրա խոսքով՝ երբ ասելու բան չկա, և երբ բացակայում են փաստարկները, սկսում են շահարկել Ալիևի անունը։
«Մի շրջան խոսում էին 300 հազար ադրբեջանցիների մասին։ Ընդդիմությունը թող պատասխանի՝ որտե՞ղ են այդ 300 հազարը, որոնք, իբր ճամպրուկները հավաքած, գալիս են Հայաստան։ Սա սուտ խոսակցությունների համար քաղաքական պատասխանատվության շատ կարևոր հարց է»,— հայտարարել է Փաշինյանը։
Խոսելով Սահմանադրության հանրաքվեի մասին՝ վարչապետը պարզաբանել է. «Մենք ասում ենք՝ ուզում ենք, որ Հայաստանի ժողովուրդն իր պատմության մեջ առաջին անգամ ինքն ընտրի իր Սահմանադրությունը»։
«Ընդդիմությունը խոսում է «ալիևյան սահմանադրության» մասին։ Նրանց նպատակը պետությունը նսեմացնելն է, ինքնիշխան իրավունքը ոտնահարելը, որպեսզի Հայաստանում պետություն չլինի»,— դժգոհել է Փաշինյանը։
Նա տեղեկացրել է, որ հստակ խնդիր է դրել. եթե Հայաստանի ժողովուրդը մեր փաստարկներն արդարացված և ծանրակշիռ համարի, խնդիրը կլուծվի։ Եթե չհամարի, ապա չի լուծվի։
«Բայց ես՝ որպես վարչապետ, խիստ կարևոր եմ համարում, որ ժողովրդին առաջարկվի հստակ ռազմավարական պատկերացում, թե ինչ և ինչու ենք մենք անում։ Եթե չհենվենք «իրական Հայաստանի» տեսլականի վրա, երկրի գոյությունը հարցականի տակ կդրվի»,-հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս մասին խոսում է արդեն մի քանի տարի և շարունակում է նույն քաղաքական կուրսը։
