Ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ, բայց կշարունակեմ մնալ ՍԴ դատավոր, հայտարարել է Էդգար Շաթիրյանը՝ Վլադիմիր Վարդանյանի ընտրությունից հետո:
« Ես կարծում եմ՝ քայլս միանգամայն տրամաբանական էր: Ես ընդամենը մի նախադասություն կասեմ և սրանով կավարտեմ, արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել իրենց հետ»,- ասել է նա։
Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք ՍԴ նախագահի ընտրության ժամանակ ճնշումներ են եղել իշխանության կողմից, Շաթիրյանը պատասխանել է.
«Ես ավելի քան վեց տարի է պաշտոնավարում եմ որպես դատավոր, իմ գործունեության մասով և իմ անձի երբևէ ճնշում չի եղել, չկա և չի էլ կարող լինել: Ինչ վերաբերում է հնարավոր մեկնաբանություններին, ասացի այն, ինչ ասացի, մնացածը ինչպես կընկալվի, կմեկնաբանվի, արդեն առանձին հարց է»:
