ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հանձնարարել է իրականացնել համապարփակ որոնողա-փրկարարական աշխատանքներ՝ անհետ կորածներին փրկելու և տուժածներին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար՝ Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժից հետո։
«Աղետից տուժած շրջանը գտնվում է բարձրադիր տարածաշրջանում, որտեղ եղանակը ցուրտ է։ Չափազանց կարևոր է ուշադիր հետևել սեյսմիկ ակտիվությանը և եղանակային փոփոխություններին ու իրականացնել համապատասխան փրկարարական գործողություններ՝ կանխելով երկրորդային բնական աղետները», – Սինհուա գործակալությունը մեջբերում է Սի Ցզինպինի խոսքերը։
Նրա խոսքով՝ կարևոր է գործադրել բոլոր ջանքերը՝ կորուստները նվազագույնի հասցնելու համար։
Նա հավելել է, որ անհրաժեշտ է հատկացնել վթարափրկարարական միջոցներ, պատշաճ կերպով տեղավորել տարերային աղետից տուժածներին, իսկ վնասված ենթակառուցվածքները հնարավորինս շուտ վերանորոգել։
Իր հերթին, ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարությանը և Չինաստանի երկրաշարժերի դեմ պայքարի վարչությանը շարունակել տարածաշրջանի մոնիթորինգը՝ հնարավոր հետցնցումների առկայությունը պարզելու համար։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տուժած շրջան են ուղարկվել փրկարարական խմբեր, իսկ վնասը գնահատելու համար կիրառվել է Wing Loong անօդաչու թռչող սարքը։ Ընդհանուր առմամբ մոբիլիզացվել է 350 փրկարար և 83 միավոր տեխնիկա։
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 16 մարդ, 54-ը ստացել են վնասվածքներ։ Ավելի վաղ հաղորդվել էր 32 տուժածի մասին։
7 մագնիտուդով երկրաշարժը նախօրեին տեղի է ունեցել Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում։
Տեղական ժամանակով 22:33-ին (Մոսկվայի ժամանակով՝ 17:33-ին) գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտավորապես 173 կմ խորության վրա։
