Սպիտակ տունն ամերիկյան տիեզերական ընկերություններին, այդ թվում՝ Իլոն Մասկի SpaceX-ին, կոչ է արել չմասնակցել առաջիկա շաբաթ Փարիզում կայանալիք տիեզերական գագաթնաժողովին, որը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան ներկայացուցիչը փակ հեռախոսազրույց է ունեցել SpaceX, Stoke Space, K2 Space և Astra ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ամերիկյան ընկերություններին զգուշացրել են, որ երկօրյա միջոցառմանը նրանց մասնակցությունը կարող է ընկալվել որպես «ԵՄ դիրքորոշման լռելյայն աջակցություն»։
Պաշտոնյան ընդգծել է, որ վերջնական որոշումը կայացնում են հենց ընկերությունները, սակայն ըստ էության հասկացրել է, որ ավելի լավ է չգնալ։ Politico-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակ տան ներկայացուցիչը նաև նշել է, թե Ֆրանսիան միջոցառումը չի համաձայնեցրել ԱՄՆ-ի հետ, և Փարիզին մեղադրել է «հակամրցակցային գործելաոճի» մեջ։
Բացի այդ, ամերիկյան կողմը դժգոհություն է հայտնել գագաթնաժողովի ծրագրից՝ պնդելով, թե քննարկումները հնարավորություն չեն տալիս լիարժեք ներկայացնել ԱՄՆ դիրքորոշումը և կարող են նվազեցնել ամերիկյան տիեզերական ոլորտի դերակատարումը։
Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել Politico-ի հրապարակումը։
Ֆրանսիայի բարձրագույն երկրորդական տեխնոլոգիաների, հետազոտությունների և տիեզերքի նախարար Ֆիլիպ Բատիստը հայտարարել է, որ համոզված չէ այս լուրերի իսկության մեջ, և ամերիկյան կողմին հրավիրել է մասնակցելու միջոցառմանը։
«Ուզում եմ հստակ ընդգծել, որ մենք ոչ միայն սպասում ենք ԱՄՆ-ին, այլև իսկապես ցանկանում ենք, որ դուք այստեղ լինեք», — X-ի իր էջում գրել է Բատիստը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է ընդունել ամերիկյան ընկերություններին, գիտնականներին, NASA-ի, NOAA-ի և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին։ Նախարարը նաև հավելել է, որ սերտ կապի մեջ է Սպիտակ տան Գիտության և տեխնոլոգիական քաղաքականության վարչության տնօրեն Մայքլ Կրացիոսի հետ։
Գագաթնաժողովը տեղի կունենա Փարիզի «Գրան Պալե» ցուցասրահում՝ Ֆրանսիայի և Գերմանիայի համանախագահությամբ։ Միջոցառմանը նախատեսում է մոտ 120 երկրի ներկայացուցչի մասնակցություն։ Օրակարգում տիեզերական տարածության օգտագործման խնդիրներն ու հեռանկարներն են։
Նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների հարաբերությունները վերջին շրջանում լարվել են մաքսատուրքերի, ամերիկյան զորքերի տեղակայման և քաղաքական այլ հարցերի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով։
Դեռևս հուլիսին գագաթնաժողովի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Ադամը հայտնել էր, որ հանդիպումը մեկտեղելու է պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ «ամերիկացիները, բնականաբար, նույնպես պետք է մասնակցեն»։
