Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշակի կատեգորիաների ռուսական շուկա մատակարարման դեմ ենթադրյալ պատժամիջոցների մասին հայկական կողմի հայտարարությունները մանիպուլյատիվ են։

Գալուզինը նշել է, որ մի շարք հայ պաշտոնյաներ և լրատվամիջոցներ ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշակի կատեգորիաների մատակարարման սահմանափակումները ներկայացնում են որպես Մոսկվայի կողմից կիրառված «պատժամիջոցներ»։

«Սրանք մանիպուլյացիաներ են, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն», – ասել է փոխնախարարը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել բուսասանիտարական վերահսկողությանը, և դրա պահանջները հայտնի են՝ հայ արտադրողների կողմից տեղական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների վերահսկողությունը և մատակարարումների հետագծելիությունը։

«Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրման սահմանափակումները կապված են բացառապես սանիտարական նորմերի, այլ ոչ թե քաղաքականության հետ: Ավելին, Հայաստանի ղեկավարությունն ինքն է ընդունել, որ որոշակի ապրանքների հետ կապված կան որակի խնդիրներ», – ընդգծել է Գալուզինը։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր, որ հունիսի 12-ից սկսած սահմանափակելու է Հայաստանից բոլոր կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ։ Ինչպես բացատրել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը, հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները պայմանավորված են արտադրողների շրջանում որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ, այլ ոչ թե քաղաքականությամբ։

Share.