Գերմանիայի իշխանությունները խոստացել են պատասխանատվության ենթարկել շաբաթ օրը երիտասարդների բողոքի ցույցերից հետո մի շարք քաղաքներում բռնկված անկարգությունների մասնակիցներին, հաղորդում է dpa-ն։
Բախումների հետևանքով ոստիկաններ են տուժել, խանութներ են վնասվել ու թալանվել։
Ցերեկը տասնյակ հազարավոր երիտասարդներ խաղաղ ցույցերի էին դուրս եկել Gen Z regelt նախաձեռնության շրջանակում։ Մասնակիցները պահանջում էին ավելացնել դպրոցների ֆինանսավորումը, միջոցներ ձեռնարկել կյանքի թանկացման դեմ և ուժեղացնել պայքարը գլոբալ տաքացման դեմ։ Սակայն երեկոյան մի շարք քաղաքներում, հատկապես Ֆրանկֆուրտում և Քյոլնում, անկարգություններ են սկսվել։ Բեռլինում ոստիկանների ուղղությամբ շշեր և ճայթուկներ են նետել, մի քանի քաղաքներում իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը իրավիճակի սրման համար մեղադրել է «բռնարար ձախակողմյան խմբավորումներին և միգրանտական համայնքներից կարգազանցներին»։ Նա Bild թերթին ասել է, որ նրանք խաղաղ ցուցարարների ձեռքից խլել են նախաձեռնությունը, և խոստացել է բացահայտել մեղավորներին ու հասնել նրանց խիստ պատժին։
Հեսսեն երկրամասի ներքին գործերի նախարար Ռոման Պոզեկի տվյալներով, Ֆրանկֆուրտում տուժել է շուրջ 100 ոստիկան, որոնցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել։ Ձերբակալվել է 13-ից 29 տարեկան 54 մարդ։ Վնասվել է 17 ձեռնարկություն, հինգը թալանվել է։
Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլը նույնպես դատապարտել է բռնությունը՝ ընդգծելով, որ խաղաղ բողոքի ակցիաները քաղաքացիների օրինական իրավունքն են, սակայն ոստիկանների վրա հարձակումներն ու ջարդերը չեն կարող արդարացվել քաղաքական պահանջներով։
