Հայաստանի և Ադրբեջանիմիջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին։ Այս մասին գրված է Washington Times-ի հոդվածում։

«TRIPP նախագիծը զգալի առավելություններ է առաջարկում Հայաստանին․ այն դեպի ծով ելք չունեցող երկրի համար կարող է տնտեսական ակտիվ ստեղծել՝ ներդրումներ գրավելու և տրանսպորտային ծախսերը նվազեցնելու հաշվին։ Սա կօգնի նաև պահպանել խաղաղությունը՝ Հայաստանի հարևաններին գործնական հետաքրքրվածություն տալով այն երթուղիներում, որոնք մնում են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։

TRIPP-ը ռազմավարական կարևոր այս տարածաշրջանում կամրապնդի Ամերիկայի դերը՝ առանց զորքեր տեղակայելու կամ անսահմանափակ օգնություն տրամադրելու անհրաժեշտության։ Այն նաև առևտրային հնարավորություններ կստեղծի ամերիկյան ընկերությունների համար, քանի որ Հարավային Կովկասով նոր տրանսպորտային կապեր են կառուցվում։ Այս ձեռքբերումներն էական են և աջակցության են արժանի։

Սակայն կարգավորումը չի կարող հիմնված լինել միայն քարտեզների ու առևտրային ուղիների վրա։ Թրամփի կովկասյան համաձայնագրի ամենահրատապ փորձություններից մեկն այն է, թե արդյոք այն կկարողանա ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների վերադարձը։ Նրանց ազատ արձակումը ցույց կտա, որ համաձայնագիրն ուղղված է նաև մարդասիրական խնդիրների լուծմանը, այլ ոչ միայն առևտրին։

Շատ հայերի համար Ադրբեջանում պահվող գերիների հարցը նշանակում է, որ պատերազմը լիովին դեռ չի ավարտվել։

19 գերիների ազատ արձակումը կնպաստեր համաձայնագրի աջակցությանը՝ ցույց տալով, որ Հարավային Կովկասի վերաբերյալ նոր համաձայնությունը հիմնված է ինչպես տնտեսական հնարավորությունների, այնպես էլ մարդկային արժանապատվության վրա։

Ոչ մի համաձայնագիր հայերի համար ավարտուն չի համարվի, քանի դեռ նրանց ընտանիքները սպասում են գերիների վերադարձին։

Միջանկյալ ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ Ամերիկայի հայ համայնքը, որը, գնահատումների համաձայն, անցնում է 1 միլիոնից, ուշադիր հետևում է, թե արդյոք Վաշինգտոնն ականջալուր է լինում իրենց տարիների մտահոգություններին։

ԱՄՆ դաշնակիցներն ու եվրոպացի գործընկերները, այդ թվում՝ Կանադան և Ֆրանսիան, նույնպես բարձրացրել են այս հարցը և պահանջել գերիների ազատ արձակումը։ Եվրոպացի բարձրաստիճան օրենսդիրները նշել են, որ նրանց ազատ արձակումը բարի կամքի դրսևորում կլիներ՝ ի նպաստ տևական խաղաղության։

Թրամփն իր մասնակցությունն է ունեցել խաղաղ գործընթացում, ինչը նրան ազդեցության լծակներ է տալիս։ Նա պետք է դրդի Ալիևին ազատ արձակել 19 հայ գերիներին, որպեսզի ապացուցի, որ Բաքուն պատրաստ է հաշտեցման։

TRIPP-ը կարող է նոր առևտրային ուղիներ բացել Հարավային Կովկասի համար, իսկ գերիների ազատ արձակումը կարող է համաձայնագրին մարդասիրական հիմք հաղորդել։ Եթե Թրամփին հաջողվի հասնել երկուսին էլ, նա կամրապնդի կովկասյան գործարքի երկարաժամկետ ազդեցությունը», — նշվում է հոդվածում։

Share.