ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի իր գործով առաջիկա նիստերին։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։
Միջնորդությունը ներկայացրել էր Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Դատավորը բավարարեց միջնորդությունը: Նմանատիպ միջնորդություն ներկայացրին նաև մեղադրյալ Վալերի Գրիգորյանի և մեղադրյալ Ալեքսան Ալեքսանյանի պաշտպանները: Երկու միջնորդություններն էլ դատավորը բավարարեց:
Այսուհետ այս գործով դատավարությունները կանցկացվեն առանց մեղադրյալների, բայց եթե դատարանը գտնի, որ ինչ-որ փուլում նրանց ներկայությունը պարտադիր է, ապա նրանք պետք է ներկայանան դատարան:
Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին` ժամը 14:30-ին։
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահին առնչվող 4 գործերը քննվում են 2 վարույթում։ Այսպես կոչված «Դիզելի գործը» միացվել է այն գործին, որում շոշափվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները: Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու և Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերը միացվել են մեկ այլ վարույթում։
