Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը սոցցանցերում հրապարակված ծավալուն և խիստ հայտարարությամբ անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» երկրպագուների սկանդալային պահվածքին և ակումբի ղեկավարության գործողություններին։
Ամեն ինչ սկսվել էր «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած «Սևիլիայի» դեմ խաղի ժամանակ, երբ մադրիդցի երկրպագուները տրիբունայում պարզել էին ուշագրավ գրությամբ բաններ․ «Սա ֆուտբոլ չէ, սա Տեբասն ու Նեգրեյրան են»: Հատկանշական է, որ Տեբասի և Մրցավարական տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահի ազգանունները գրված էին կարմիր և կապույտ գույներով՝ որպես ակնարկ «Բարսելոնայի» գույներին։
Այս միջադեպը բարկացրել է Լա Լիգայի ղեկավարին, ով մեղադրել է «Ռեալի» ղեկավարությանը կանխամտածված մանիպուլյացիաների և ատելություն սերմանելու մեջ։
Տեբասի հիմնական մեղադրանքներն ու թեզերը.
Վերահսկվող ֆանատներ. Տեբասը հայտարարել է, որ ակումբի ֆան-տրիբունայի գործողությունները կորդինատավորվում և վերահսկվում են հենց ակումբի կողմից, և դա պատահականություն կամ զուտ երկրպագուների ինքնաբուխ քայլ չէ։
Թիրախավորում և անվտանգություն. Լա Լիգայի նախագահը շեշտել է, որ ակումբի ղեկավարությունը փորձում է իրենց անհամաձայնությունները վերածել կոնկրետ անձի նկատմամբ ուղղված թշնամանքի։ «Մարդկանց որպես թիրախ առանձնացնելն ու ատելություն հրահրելն ծայրաստիճան անպատասխանատվություն է», — նշել է նա՝ հիշեցնելով նախկինում հնչած սպառնալիքային արտահայտությունները։
Միջազգային մամուլի մանիպուլյացիա. Տեբասի խոսքով՝ «Ռեալի»՝ միջազգային հեղինակավոր պարբերականների (Reuters, BBC, L’Équipe) հրապարակումներին հղում անելու փորձերը մանիպուլյացիա են, քանի որ այդ լրատվամիջոցներն ուղղակիորեն նշում են, որ համապատասխան պահանջների հեղինակը հենց մադրիդյան ակումբն է, այլ ոչ թե անկախ կողմ։
Անպատասխան հարցեր. Տեբասը նշել է, որ չնայած իր պահանջներին՝ «Ռեալը» շարունակում է խուսափել հստակ պատասխաններ տալուց, օրինակ՝ հերքելու Նեգրեյրայի գործի հետ համեմատությունները կամ հրապարակելու խաղերի օրացույցը փոխելու իրենց բոլոր դիմումների վիճակագրությունը։
««Ռեալի» ղեկավարությունը թաղված է մանիպուլյացիաների և ստի մեջ՝ ներառյալ պաշտոնական հայտարարությունները։ Նրանք արհեստականորեն լարում են իրավիճակը, իսկ հետո, երբ այդ մեթոդները բացահայտվում են, իրենց զոհի տեղ են դնում։ Ակումբը կարող է շարունակել պահանջել իմ հրաժարականը, բայց իմ տված հարցերն այդպես էլ մնում են անպատասխան», — եզրափակել է Տեբասը։
Աղբյուրը՝ Armsport.am:
